Արման Գրիգորյան. Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը

1381

Հոդվածի բնօրինակը լույս է տեսել ամերիկյան Security Studies (Vol. 33, No. 3 /Summer 2024/, pp. 372-406) գիտական պարբերականում:

Մաս I Մաս II

Կոշտ գծի առասպելների քաղաքատնտեսական ակունքները

Հայաստանում տարածված արմատական առասպելների մի ակունքը, ինչը բացատրում է նաև նման առասպելների գոյությունն այլուր, մի շարք հայտնի ճանաչողական կանխակալություններն են։ Օրինակ` հայերի համար Ղարաբաղյան առաջին պատերազմում ձեռք բերածը «նորմալացվել» էր, հետևաբար որևէ զիջում համարվում էր կորուստ։ Ինչպես Ամոս Տվերսկին ու Դանիել Կանեմանն են ցույց տվել, մարդիկ հակված են շատ ավելի մեծ ռիսկերի կորուստներից խուսափելու, քան համարժեք ձեռքներումների համար։[1] Մեկ այլ հայտնի կանխակալություն է, այսպես կոչված, Կասանդրայի բարդույթը, ինչը հաճելի ու հարմարավետ տեսակետները կասկածի տակ դնող ինֆորմացիայից խուսափելու մարդկային հակման մասին է։[2] Երբ իրականությունն ընդունելը չափազանց տհաճ է, մարդիկ առասպելներ են մոգոնում արդարացնելու համար փախուստն այդ իրականությունից։ Նրանք անտեսում են իրենց տեսակետներին հակասող ինֆորմացիան ու չափից մեծ արժեք տալիս իրենց տեսակետները հաստատող ինֆորմացիային։ Այսպես` հայերը հրաժարվում էին հաշվի նստել կարողությունների աճող ճեղքի մասին ինֆորմացիայի, ինչպես նաև դիվանագիտական զանազան ազդակների, այդ թվում` Ռուսաստանից եկող ազդակների հետ, որոնք ահազանգեր էին ստատուս քվոն պահպանելու անհնարինության մասին։ Փոխարենը նրանք մատնացույց էին անում Ադրբեջանում բուն դրած կոռուպցիան ու վատ կառավարումը, պնդում էին, որ Ռուսաստանն օգնության կգա անկախ ամեն ինչից, և մեծ հույսեր էին կապում որոշ զինատեսակների, ինչպես օրինակ` Իսկանդեր հրթիռների հետ որպես զսպման գործոնի։ Նրանք համակրանքով էին վերաբերվում լավ լուրերի մունետիկներին, եթե նույնիսկ վերջիններիս հրամցրածն առասպելներ էին, և անարգանքի սյունին գամում նրանց, ովքեր զգուշացնում էին վտանգների մասին` որպես գուժկանների ու դավաճանների։[3]

Այնուամենայնիվ ճանաչողական կանխակալությունները չեն կարող բացատրել այս կամ այն հասարակության առասպելներին տրվելը։ Ի վերջո, այդ կանխակալությունները համընդհանուր երևույթ են, բայց կոշտ ազգայնական առասպելաբանությունների ազդեցիկության աստիճանը տատանվում է տարածության ու ժամանակի մեջ։ Նրանց ժողովրդականության ու ազդեցիկության աստիճանը կախված է այն բանից, թե արդյո՞ք դրանք քաջալերվում են, թե՞ ոչ, արդյո՞ք մարդկանց կանխակալությունները շահագործվում են որպես առասպելների տարածման կատալիզատորներ, թե՞ դրանք դիմադրության են հանդիպում։ Հետևաբար, պետք է հարցնել. 1) ովքե՞ր են շահում առասպելների արմատավորումից; 2) ո՞ր կառուցվածքային ու քաղաքական միջավայրերն են առավել դժվար դարձնում առասպելների արմատավորմանը դիմադրելը։

Սնայդերը պնդում է, որ ստրատեգիական առասպելների ակունքում մասնավոր շահախմբերի շահերն են։ Որպեսզի արդարացնեն ագրեսիվ քաղաքական դիրքորոշումները, որոնք հաճախ համահունչ են այդ շահախմբերի նյութական շահերին, բայց կործանարար` հասարակության ու պետության համար, նրանք պետք է հասարակությանը համոզեն, որ այդ դիրքորոշումները բխում են բոլորի շահերից, հետո փաթաթեն այդ առասպելներն ու դրանցով արդարացված քաղաքականությունը պետության վզին։ Մասնավոր շահախմբերը կարողանում են հաջողության հասնել, երբ գործում են կոորդինացված և երբ բավարար դիմադրության չեն հանդիպում։ Թե ինչպիսի դիմադրության կհանդիպեն այդ շահախմբերը, կախված է տվյալ երկրի ռեժիմի տեսակից, ինչը Սնայդերը նկարագրում է որպես փոփոխական երեք արժեքներով` ժողովրդավարություններ, ավտոկրատիաներ և կարտելացված ռեժիմներ։ Նա պնդում է, որ կարտելացված ռեժիմներն ամենավտանգավորն են, քանի որ նրանք պատնեշված են քվեատուփից, ինչով տարբերվում են ժողովրդավարական համակարգերից, և միևնույն ժամանակ այդ համակարգերում չկան վետոյի իրավունքով օժտված սուբյեկտներ, ինչը բնորոշում է ավտոկրատիաներին, և ինչը երբեմն այդ ռեժիմներում հեշտացնում է դիմադրությունը շահախմբերի ճնշումներին։[4] Այս մոդելը կիրառելի է հասկանալու համար, թե ինչպես կոշտ քաղաքականությունն արդարացնող առասպելներն արմատավորվեցին ու նորմալացվեցին Հայաստանում։ Հայաստանում գոյություն ուներ կոշտ գծի կողմնակիցների կոալիցիա, որի տնտեսական, սոցիալական ու քաղաքական դիրքերը կախված էին այդ առասպելների կայունությունից։

Կոալիցիայի առաջին անդամը Ղարաբաղյան առաջին պատերազմի բովում ծնված ռազմաքաղաքական կաստան էր, ինչը Ժիրայր Լիպարիտյանն անվանում է Ղարաբաղի կուսակցություն։ Ինչպես ես փաստարկել եմ մեկ այլ առիթով, պատերազմն ինքը ստեղծեց կոշտ գծի կողմնակից քաղաքական մի խմբավորում, որին շատ դժվար էր զսպել պետական համակարգի ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման նախնական փուլում գտնվող երկրում։[5] Ղարաբաղի կուսակցությունը, որի մեջ մտնում էին Առաջին ղարաբաղյան պատերազմի վետերանները, հատկապես` կամավորական  ջոկատների հրամանատարները, Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև որոշ բարձրաստիճան սպաներ, ձեռք բերեցին չափից ավելի մեծ քաղաքական ազդեցություն, որը հետևանքն էր պատերազմի հաղթական ավարտի, ինչպես նաև այն բանի, որ նրանց անհրաժեշտաբար հատկացվել էին զգալի նյութական ռեսուրսներ և իշխանություն։[6]

Կարևոր էր նաև այն, որ պատերազմի արդյունքում խաղաղության պայմանագիր չէր կնքվել։ Այն ավարտվել էր զինադադարով։ Քաղաքական լուծումը, որն ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը, սպառնալիք էր Ղարաբաղի կուսակցության քաղաքական, տնտեսական ու սոցիալական դիրքերի համար, ինչը նրանք վճռականորեն տրամադրված էին վիժեցնելու։ Սկզբնական շրջանում նրանք խուսափեցին Տեր-Պետրոսյանի հետ բաց հակամարտությունից, չնայած այն բանին, որ նրանց նախապատվություններն սկսել էին տարանջատվել նախագահի ու ՀՀՇ-ի նախապատվություններից։ Վանո Սիրադեղյանը, որը երկրի ներքին գործերի նախարարն էր 1992-1996 թթ.-ին և իր ազդեցությամբ երկրորդ մարդը Տեր-Պետրոսյանից հետո, տեղեկացնում է իր չափազանց ուշագրավ էսսեներից մեկում, որ Ղարաբաղի կուսակցությամ որոշ անդամներ կապի են դուրս եկել իր հետ ու առաջարկել Տեր-Պետրոսյանին հեռացնել իշխանությունից։ Ավելի ուշագրավ է Սիրադեղյանի գնահատականն այդ մարդկանց շարժառիթների վերաբերյալ։ Նրանց հայտարարած շարժառիթը Տեր-Պետրոսյանի գծի վերաբերյալ ունեցած անհանգստությունն էր, որն, ըստ նրանց, չափազանց զիջողական էր։ Սակայն, գրում է Սիրադեղյանը, իրական շարժառիթը կապված էր մոտալուտ սահմանադրական հանրաքվեի հետ։ «Սահմանադրությունով է, որ երկիրը ձեռք է բերում քաղաքական համակարգ»,- գրում էր Սիրադեղյանը,- «իսկ նման Հայաստան այդ պահին պետք չէր ոչ միայն քաղաքական ընդդիմությանը, ոչ միայն բազմաթիվ արտաքին ուժերի, այլև պոտենցիալ դավադիրներին»։[7]

Անջրպետը Տեր-Պետրոսյանի ու այս խմբի միջև բացահայտ դարձավ 1997 թ.-ին, այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանն իր հավանությունը տվեց ԵԱՀԿ-ի պլանին։ Ղարաբաղի կուսակցությունն ի դեմս Տեր-Պետրոսյանի կառավարության մի քանի անդամների, այդ թվում` Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, որոնք, համապատասխանաբար, զբաղեցնում էին պաշտպանության նախարարի, վարչապետի և ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնները, հրաժարվեցին իրենց համաձայնությունը տալ պլանին և երկիրն ընկղմեցին քաղաքական ճգնաժամի մեջ։ Ինչպես արդեն ասել եմ վերևում, նրանք որևէ հոդաբաշխ հակափաստարկ չունեին Տեր-Պետրոսյանի դեմ, բայց նրանց կարողությունները բավարար էին, որպեսզի ստիպեն Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ։ Տեր-Պետրոսյանի հրաժարականի ուղերձը հետևյալ մինչ այժմ ըստ արժանվույն չգնահատված միտք էր պարունակում. «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։[8] Ըստ այդ ժամանակաշրջանի հեղինակավոր մասնագետ և Տեր-Պետրոսյանի զինակից Աշոտ Սարգսյանի`Տեր-Պետրոսյանի վարչակազմը վստահաբար պարտվելու էր հաջորդ ընտրություններում խաղաղության պլանի իրագործումից հետո, և դա հենց այն հեռանկարն էր, որ հեղաշրջումը կանխեց։[9]

Իշխանական վերահսկողությունը կոնսոլիդացնելուց հետո Ղարաբաղի կուսակցությունն ստեղծեց կոշտ գծի առասպելաբանության անվերապահ գերիշխանությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Ազգայնական մտավորականության ամբողջական ու ոգևորված համագործակցությամբ, նրանք կրթական ու մշակութային ինստիտուտները վերածեցին ծայրահեղ ազգայնականության դարբնոցների։ Նրանք համարյա մենիշխան վերահսկողություն սահմանեցին տեղեկատվական շուկայի վրա։ Ընդդիմադիր թերթերը շարունակեցին լույս տեսնել, բայց հեռուստատեսությունը, որը տեղեկատվության գլխավոր աղբյուրն էր ու հանրային կարծիքի հիմնական ձևավորողը, ամբողջական վերահսկողության տակ առնվեց։ Միակ անկախ ալիքը` Ա1+-ը, զրկվեց իր հեռարձակման արտոնագրից 2001 թ.-ին։ Հաջորդող երկու տասնամյակը եռանդուն պրոպագանդայի մի ժամանակաշրջան էր, երբ մարդկանց համոզում էին, որ Հայաստանը զարգանում ու հզորանում է` հակառակ Տեր-Պետրոսյանի հոռետեսական կանխատեսումների, որ Հայաստանի զինված ուժերն ամենամարտունակն էին տարածաշրջանում, որ Ադրբեջանը թաղված էր կոռուպցիայի մեջ և ուներ վատ կառավարվող զինված ուժեր, և որ փոխզիջումը հավասարազոր էր պարտության, իսկ դրա մասին խոսակցությունները` դավաճանության։ Այս ամենը տեղի էր ունենում մի ժամանակաշրջանում, երբ, Հայաստանն ինքը թաղվում էր կոռուպցիայի մեջ, երբ երկրից ահռելի քանակությամբ մարդիկ էին արտագաղթում, երբ երկրի կրթական ու գիտական համակարգերի որակը գահավեժ անկում էր ապրում, և երբ բանակում զինվորների ինքնասպանությունների կամ զենքը ծառայակիցների դեմ ուղղելու մասին լուրերը սովորական էին դարձել։

Ոչինչ ավելի պերճախոս կերպով չի ապացուցում Տեր-Պետրոսյանի ու Սիրադեղյանի մեղադրանքները կոշտ գծի կողմնակիցների իրական շարժառիթների մասին, քան այն կոռումպացված համակարգը, որ նրանք ստեղծեցին 1998 թ.-ին հաջորդած ժամանակահատվածում։ Ենթադրաբար, մի երկիր, որի ղեկավարները մերժել էին փոխզիջումնային խաղաղ կարգավորումը նյութական ռեսուրսների առումով առավելություն ունեցող հակառակորդի հետ, պետք է վերածվեր ժամանակակից Սպարտայի, որտեղ ամեն ինչ պետք է ստորադասվեր Հայաստանի ու Ղարաբաղի դժվարին պաշտպանության հրամայականին։ Այդ երկրի ղեկավարները պետք է կազմավորեին ամենաազնիվ ու մերիտոկրատական կառավարությունն ու բյուրոկրատիան։ Նրանք անձամբ պետք է լինեին Սպարտան բնորոշող առաքինությունների օրինակներ։ Դրա փոխարեն նրանք ստեղծեցին մի ռեժիմ, որը բնորոշվում էր ծայրահեղ կոռուպցիայով ու հովանավորչությամբ։[10]

Այդ համակարգի արմատավորումից հետո այն կարող էր միայն գոյատևել, եթե հակամարտությունը մնար չլուծված։ Հակամարտության չլուծված լինելը այն գլխավոր հաղթաթուղթն էր, որ ռեժիմն օգտագործում էր ընդդիմության կամ որևէ ժողովրդական ընդվզման փորձի դեմ։ Ռեժիմն ու նրա աջակիցները միշտ պատրաստ էին դատապարտելու որևէ նման ընդվզում որպես երկրի կայունությունն ու միասնությունը խարխլելու փորձ և Ադրբեջանին ակտիվ գործողությունների քաջալերելու շարժառիթ։ Այսպես, արձագանքելով 2003 թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Մենք կայուն երկիր ունենալու շանս ունեինք մինչ ընտրությունները, բայց հիմա դրա ներուժը զգալիորեն պակասել է»։[11] Հայաստանի Ազգային ժողովի նախագահը սպառնալից տոնով հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը դրել էր 2008 թ.-ի նախագահական ընտրություններում ոչ թե որովհետև նախագահ դառնալու մտադրություն ուներ, այլ որովհետև նա օտար շահեր էր ներկայացնում, որոնք ճնշումներ էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի վերջինս զիջումներ աներ Ղարաբաղում։[12] Նման պնդումները չէին կարող տպավորել նույնիսկ ամենամիամիտ մարդկանց, եթե հակամարտությունը լուծված լիներ։ Հետևաբար, նրանք իրենցից կախված ամեն ինչ արեցին ստատուս քվոն պահպանելու համար։ Առասպելի արմատավորումը, թե հակամարտությունը կարգավորելն անհնար էր, ոչ անհրաժեշտ և հավասարազոր դավաճանության ծառայում էր հենց այդ նպատակին։[13]

Վերևում հիշատակված ազգայնական մտավորականությունը, որը Տեր-Պետրոսյանի նկատմամբ խորին թշնամանքով էր լցված, և որն ընդհանուր ճակատ կազմեց նրան իշխանությունից հեռացրած մարդկանց հետ, կոշտ գծի կողմնակիցների կոալիցիայի երկրորդ կարևոր բաղկացուցիչ մասն էր։ Այս խումբը կազմված էր ավանդական ազգայնական պատումի պահապաններից, պատում, որը կայուն քննադատութան թիրախ դարձավ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին նոր սերնդի մտավորականների ու քաղաքական առաջնորդների, այդ թվում` Տեր-Պետրոսյանի, Սիրադեղյանի և այլոց կողմից։ Այդ պատումի սնանկությունը բացահայտվեց 1988 թ.-ին Ղարաբաղյան շարժման սկիզբ առնելուց ոչ շատ անց, որն իր գոյության նախնական շրջանում հենվում էր այդ նույն պատումից ոգեշնչված որոշ գաղափարների վրա։ Մասնավորապես` Ադրբեջանի ենթակայությունից Ղարաբաղը Հայաստանի ենթակայությանը փոխանցելու պահանջը հիմնավորվում էր պատմական արդարության սկզբունքով; խնդիրը դիտարկվում էր որպես հայերի ու թյուրքերի գոյաբանական պայքարի մի տարր; ենթադրվում էր, որ այդ պայքարում հայերի կողմը բռնելը բխում էր Մոսկվայի շահերից և այլն։ Իրականությունը, սակայն, շատ արագ իր դեմքը ցույց տվեց, երբ Մոսկվան աներկբայորեն բացառեց հանրապետությունների միջև որևէ սահմանային փոփոխության հնարավորությունը և թշնամական վերաբերմունք որդեգրեց շարժման նկատմամբ։

Նման հակազդեցությունը հնարավորություն ստեղծեց քննական լույս սփռելու ավանդական պատումի որոշ կողմերի վրա, ինչը պարադոքսալ կերպով արմատավորվել ու քաջալերվել էր հենց խորհրդային ժամանակաշրջանում, չնայած այդ երկրի` ազգայնականության նկատմամբ տածած առերևույթ հակակրանքին։[14] Մոսկվայի հետ հակամարտության խորացումն ու ներքին բանավեճի ծավալումը հանգեցրեցին ավանդական պատումի երկար փայփայված պոստուլատների փլուզմանը։ Մերժվեց այն տեսակետը, որ Հայաստանը չէր կարող գոյություն ունենալ թշնամաբար տրամադրված հարևանների առկայության պայմաններում որպես անկախ պետություն, եթե զրկվեր Խորհրդային Միության պաշտպանությունից։ Առաջ քաշվեց այն տեսակետը, որ տարաձայնությունները հարևանների հետ իրենց բնույթով քաղաքական էին, ոչ թե հետևանք հարևանների` հայերի նկատմամբ տածած ապաքաղաքական ատելության։ Նոր մտածողության ջատագովները պնդում էին, որ Հայաստանը պետք է ընդունի տարածքային ստատուս քվոն և իր էներգիան կենտրոնացնի զարգացման վրա։ Նրանք պնդում էին նաև, որ Ղարաբաղի խնդիրը ինքնորոշման, ոչ թե պատմական արդարության վերականգնման խնդիր էր, և որ դրա շուրջ ծայր առած հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումների միջոցով։[15] Նոր մտածողության հաղթարշավի գագաթնակետը Տեր-Պետրոսյանի ընտրությունն էր Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում 1991 թ.-ին, ձայների 83 տոկոսով, ինչն ավանդական պատումի կողմնակիցներն արդարացիորեն ընկալեցին որպես մահացու սպառնալիք թե՛ այդ պատումի, թե՛ իրենց ունեցած դիրքերի նկատմամբ։ Նրանք անախրոնիզմ էին դառնոմ Խորհրդային Միության անկումից հետո։[16]

Դժբախտաբար, Ղարաբաղի հակամարտության էսկալացիան հնարավոր չեղավ կանխել, չնայած Հայաստանում քաղաքական մտքի այս տեղաշարժերին, ինչը երկու կարևոր հետևանք ունեցավ մեր խնդրի համատեքստում։ Նախ, պատերազմները հակամարտող հասարակությունների դիրքերը կոշտացնող հետևանք են ունենում։ Նրանք թուլացնում են նրբերանգներ հաշվի առնող, չափավորական ու ռացիոնալ դիրքորոշումները և ուժեղացնում արմատական պատումներն ու դրանց ջատագովներին։ Հայաստանին չհաջողվեց խուսափել այս թակարդից։ Երկրորդ, չափավորականների իշխանությունը գերզբաղված էր պատերազմով և ծանր տնտեսական ճգնաժամի խնդիրներով, ինչը միաժամանակ պատերազմի ու շուկայական տնտեսութան անցման հետևանք էր։ Դա նրանց շատ քիչ ժամանակ ու էներգիա թողեց բարեփոխումներ իրականացնելու գիտական, կրթական ու մշակութային ոլորտներում, որոնք մնացին հին գվարդիայի վերահսկողության տակ, եթե նույնիսկ այդ գվարդիան գաղափարական ճնշման տակ էր հայտնվել նոր մտածողության ջատագովների կողմից։ Վերջապես, պետք է հավելել նաև այն փաստը, որ ազգայնական մտավորականությունը նոր համալրում ստացավ այդ տարիներին ի դեմս մարքսիզմ-լենինիզմի դասախոսների, կոմունիստական ապարատի հիերարխիայի տարբեր անդամների և խորհրդային պետության հետ սերտ կապեր ունեցող այլ անհատների։ Նրանք նմանատիպ թշնամանքով էին լցված մարդկանց հանդեպ, որոնք օգնել էին կործանելու այդ համակարգը, քանի որ դրա հետևանքով նրանք նույնպես դարձել էին անախրոնիզմ։ Մտավորականության այս հատվածը գործունեության նոր ոլորտի փնտրտուքի մեջ էր, և կոշտ ազգայնականությունը հենց այդ ոլորտը դարձավ նրանց համար։ Դրա վառ օրինակ է Լևոն Շիրինյանը, որին հղում արվեց վերևում։ Նա մարքսիզմ-լենինիզմի դասախոս էր խորհրդային ժամանակաշրջանում։

Չնայած այն հանգամանքին, որ նրանք կորցրել էին իրենց մենաշնորհային դիրքերը 1980-ականների վերջին ու 1990-ականների առաջին տարիներին և հայտնվել պաշտպանվողի դերում, մտավորականության այդ երկու հատվածները դիմացան ճնշմանը, սերտաճեցին և աստիճանաբար ամրացրին իրենց դիրքերը։ 1998 թ.-ի հեղաշրջմանը հաջորդած ժամանակաշրջանում ազգայնական մտավորականության դիրքերի նկատմամբ գոյություն ունեցող բոլոր վտանգները վերացան։ Նոր ռեժիմը մեծ ուրախությամբ աջակցություն հայտնեց նրանց գաղափարախոսական դիրքորոշումներին, ինչը նույնական էր ռեժիմի դիրքորոշումներին, և օգնեց նրանց ամրապնդելու իրենց վերահսկողությունը գիտական, կրթական ու մշակութային հաստատությունների նկատմամբ։ Վերածնված ու ավելի համարձակ դարձած ազգայնական մտավորականությունն օգտագործեց այդ վերահսկողությունը արմատավորելու համար առասպելները, որոնք նորմալացրին անխոհեմ դիվանագիտությունը։

Կոշտ գծի ազգայնականության կոալիցիայի երրորդ բաղկացուցիչ տարրը հայկական սփյուռքի կազմակերպված հատվածն էր։ Սփյուռքի խնդիրը շատ նման էր Հայաստանի ազգայնական մտավորականության խնդրին։ Տասնամյակներ շարունակ Սփյուռքի քաղաքական ու մտավորական կյանքը հենված էր եղել Հայ դատի վրա։ Չնայած ներքին տարբերություններին, Սփյուռքի բոլոր հիմնական հաստատությունները նվիրված էին այդ գաղափարախոսությանը։ Ինչպես խորհրդային շրջանի Հայաստանի դեպքում, այդ գաղափարախոսությանը փարվելը որևէ իրական գին կամ ռիսկ չէր ենթադրում։ Հայաստանի պարագայում Ղարաբաղյան շարժումն, իսկ հետո անկախությունը փոխեցին հաշվարկները և ստիպեցին վերանայել այդ գաղափարախոսությանը փարված մնալու հեռանկարայնությունը։ Սփյուռքի դեպքում հաշվարկը չփոխվեց։ Բայց Սփյուռքը որոշակի երկընտրանքի առջև, այնուամենայնիվ, կանգնեց. կամ այն պետք է վերանայեր իր դիրքորոշումները` հարմարեցնելով դրանք Հայաստանի Հանրապետության շահերին, կամ կարող էր խուսափել նման վերանայման պարտադրելիք գնից և թշնամական վերաբերմունք որդեգրել այն հայաստանյան ուժերի նկատմամբ, որոնք մերժում էին Հայ դատը։ Սփյուռքի որոշ կազմակերպություններ, հատկապես Հայ դեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), ընտրեցին երկրորդ տարբերակը։ ՀՅԴ-ն ջանք չխնայեց Սփյուռքում ավանդական պատումը պաշտպանելու և Հայաստանում դրա արմատավորմանը նպաստելու ուղղությամբ այն բանից հետո, երբ իր ներկայությունը հաստատեց երկրում։ Նրանք դա կարողացան անել իրենց վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքի, թերթերի, պատանեկան ճամբարների և կրթական համակարգում չափից ավելի մեծ ազդեցության շնորհիվ։ Իր մի անհավանականորեն անկեղծ ելույթում ՀՅԴ-ի ղեկավարներից մեկը` Հրանտ Մարգարյանը, բացեիբաց հայտարարեց, որ իր ամենամեծ մտավախությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ճանաչումն էր, քանի որ դրանից հետո հայերի մեծ մասը կբավարարվեր այդ ճանաչմամբ ստեղծված ստատուս քվոյով և չէր շարունակի հեդապնդել Հայ դատի մնացյալ նպատակները։[17]

Քոչարյանի օրոք ձևավորված տնտեսական համակարգը Հայաստանում կոշտ գծի կողմնակիցներին ուժեղացնող հաջորդ հանցակիցն էր։ Հայաստանը Խորհրդային Միության ամենաարդյունաբերականացված և տնտեսապես ամենաինտեգրված անկյուններից մեկն էր։ Խորհրդային տնտեսության քայքայումը, հետո նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հաստատված բլոկադան հանգեցրեցին Հայաստանի տնտեսության ապաարդյունաբերականացմանը։ Երկիրը հարմարվեց բլոկադային` զարգացնելով տնտեսական մի համակարգ, որն արտահանման շատ սահմանափակ կարողություններ ուներ։ Սա կարևոր է շեշտել այն պատճառով, որ նման տնտեսությունը կախված չէր իր համար ամենաբնական շուկաներում` Թուրքիայում ու Ադրբեջանում ներկայություն ունենալուց, ինչը նշանակում էր, որ չկային ազդեցիկ տնտեսական շահախմբեր, որոնք շահագրգռված էին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելով։ Որոշ քաղաքական ուժեր խոսում էին այդ շուկաներ մուտքից զրկված լինելու հետևանքով կորսված հնարավորությունների մասին, բայց դրանք փաստորեն ակադեմիական նշանակություն ունեցող փաստարկներ էին` առանց տնտեսական որևէ շահախմբի աջակցության։

Ոչ միայն չկային հզոր մասնավոր շահեր, որոնք շահագրգռված էին խաղաղ կարգավորմամբ, այլև կային շահեր, որոնք շահագրգռված էին ստատուս քվոյի պահպանմամբ։ Քոչարյանի ստեղծած տնտեսական մոդելը մեծապես կախված էր իրենց հարազատներին հայաստանցիների ուղարկած տրանսֆերներից, որոնք աշխատանք գտնելու նպատակով հեռացել էին երկրից։ Այս ֆինանսական միջոցների բարալիկ հոսքը թույլ էր տալիս ներմուծել վառելիք ու սպառողական այլ ապրանքներ, ինչը վերահսկվում էր ռեժիմի հետ սերտաճած մի քանի օլիգարխի կողմից։ Կենտրոնական բանկի կողմից դրամի արհեստականորեն բարձր պահվող կուրսն օգնում էր, որպեսզի օլիգարխների կողմից գրպանվող ռենտան հնարավորինս մեծ չափեր ունենա, ինչպես նաև խոչընդոտում արտահանման միտված արդյունաբերության զարգացմանը, որի թիրախը թուրքական ու ադրբեջանական շուկաներն էին լինելու, և որն օգտագործելու էր այդ երկրներով անցնող կոմունիկացիաները։ Քոչարյանը նաև ստեղծեց մի կոռուպցիոն համակարգ, որը խիստ կենտրոնացված էր, և որը վերոհիշյալ օլիգարխներին անքակտելի կապերով կապել էր ռեժիմի հետ։[18] Մարդիկ, որոնք ներգրավված էին այսպիսի համակարգում, ստատուս քվոն պահպանելու հզոր շարժառիթներ ունեին։

Կարելի է մի քանի այլ ուժերի ու գործող անձանց նույնպես մանտանշել, որոնք նպաստեցին կոշտ գծի արմատավորմանը Հայաստանում սեփական քաղաքական ու տնտեսական դիրքերը պաշտպանելու նպատակով։ Վերը քննարկվածները, սակայն, դրանցից ամենակարևորներն էին։ Հայաստանյան ռեժիմն, այսպիսով, ուներ Սնայդերի նկարագրած կարտելացված ռեժիմների բոլոր հատկանիշները։ Ընտրությունները ոչինչ չէին որոշում, իսկ գաղափարների ու ինֆորմացիայի շուկան խեղված էր ռեսուրսների ասիմետրիայի, ինչպես նաև ռեժիմի կողմից այդ շուկան վերահսկելու կարողության պատճառով։ Միևնույն ժամանակ դա տոտալիտար կամ դասական ավտորիտար ռեժիմ չէր։ Այս շահախմբերի միջև գոյություն ունեցող համաձայնությունն ապահովում էր ռեժիմի կայունությունը և դրա հետ մեկտեղ անհեռանկար ստատուս քվոն։

Ուշադիր ընթերցողը կմատնանշի, սակայն, որ պատերազմը տեղի ունեցավ ոչ այդ ռեժիմի իշխանության օրոք, այլ հեղափոխական իշխանության, որն ուներ ցանկացած շահախմբի հակադրվելու կարողություն։ Հոդվածի հաջորդ հատվածի ուշադրության կենտրոնում հետհեղափոխական Հայաստանի քաղաքականությունն է և հատկապես այն հարցը, թե ինչու հեղափոխական իշխանությունը որոշեց ոչ միայն չհակադրվել այդ շահերին, այլև փարվեց նույն կոշտ գծի առասպելաբանությանը` դրան հեղափոխական ավյուն ներարկելով։

Շարունակելի


[1] Daniel Kahneman and Amos Tversky, “Prospect Theory: An Analysis of Decision under Risk,” Econometrica,

Vol. 40, No. 2, (March, 1979), pp. 263–292.

[2] Gerd Gigerenzer and Rocio Garcia-Retamero, “Cassandra’s Regret: The Psychology of Not Wanting to

Know,” Psychological Review, 124, no. 2 (March, 2017), pp. 179–196.

[3] Այս խնդրի հիմքում ընկած հոգեբանական դինամիկայի ուսումնասիրության համար տե՛ս Leslie K. Johns, Hayley Blunden, and Heidi Liu, “Shooting the Messenger,” Journal of Experimental Psychology, 148, no. 4 (April, 2019), pp. 644–666։

[4] Snyder, Myths of Empire, pp. 31-35.

[5] Arman Grigoryan, “The Karabakh Conflict and Armenia’s Failed Transition,” Nationalities Papers, 46, no. 5

(April, 2018), pp. 844–860.

[6] Տե՛ս Gerard J. Libaridian, The Challenge of Statehood (Watertown, MA: Blue Crane Books, 1999), pp. 90–96։

[7] Ավետիս Հարությունյան, Գյադաների ժամանակը (Երևան, Պրինտինֆո, 2005), էջ. 16.

[8] «Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը», https://www.youtube.com/watch?v=rYUYKxnirUs։

[9] Աշոտ Սարգսյան, «Պատերազմը, և թե ով է դրա համար պատասխանատվություն կրում. Մաս 2», Իլուր, 23 ապրիլի, 2022. https://www.ilur.am/աշոտ-սարգսյան-պատերազմը-եւ-դրա-պատասխ-2/։

[10] “Corruption in Armenia,” Policy Forum Armenia, October 2013. https://www.pf-armenia.org/sites/default/

files/documents/files/PFA_Corruption_Report.pdf.

[11] «Ընտրախախտումների մասին տվյալները խիստ չափազանցված են», Ազգ, 27 փետրվարի, 2003.

[12] «Նրանք զսպում են պետության վրա ձեռք բարձրացրած մարդկանց», Ազգ, 27 փետրվարի, 2008.

[13] Տե՛ս Arsen Gasparyan, “Understanding the Nagorno-Karabakh Conflict: Domestic Politics and Twenty-

five Years of Fruitless Negotiations, 1994-2018,” Caucasus Survey, 7, no. 3 (October 2019), pp. 235–250;

Նժդեհ Հովսեփյան, «Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը. Նոր ազգային գաղափարախոսություն», Ինլայթ հետազոտական կենտրոն, 19 մայիսի, 2022. https://enlightngo.org/post/26292։

[14] Պարադոքսի էությունը հասկանալու համար տե՛ս Ronald Grigor Suny, Revenge of the Past: Nationalism, Revolution, and the Collapse of the Soviet Union (Stanford, CA: Stanford University Press, 1993); Arman Grigoryan,“Ethnofederalism, Separatism, and Conflict: What Have We Learned from the Soviet and Yugoslav

Experiences?” International Political Science Review, 33, no. 5 (November 2012), 520–538. Խորհրդային կենտրոնի ու հայկական ազգայնականության միջև ոչ բացահայտ գործակցության համար տե՛ս Ronald Grigor Suny, Looking toward Ararat:Armenia in Modern History (Bloomington, IN: Indiana University Press, 1993), p. 186։

[15] Gerard J. Libaridian, ed., Armenia at the Crossroads: Democracy and Nationhood in the Post-Soviet Era

(Watertown, MA: Blue Crane Books, 1991); Grigoryan, “The Karabakh Conflict and Armenia’s Failed

Transition.”

[16] Ստատուս քվոյից օգտվող շահախմբերի շահերի դեմ` փոփոխությունների ստեղծած սպառնալիքների ընդհանուր տեսական քննարկման համար տե՛ս Daron Acemoglu and James A. Robinson, “Political Losers as a Barrier to Economic Development,” American Economic Review, 90, no. 2 (May 2000), pp. 126–130։

[17] Հրանտ Մարգարյան, «Ես վախենում եմ, որ մի օր Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը». https://www.youtube.com/watch?v=ZxFW-Iz_A0o&t=3s։

[18] Հայաստանյան կոռուպցիայի մոդելի մանրամասնությունների համար տե՛ս Christoph H. Stefes, Understanding Post-Soviet Transitions: Corruption, Collusion, and Clientelism (New York, NY: Palgrave Macmilllan, 2006)։

Նախորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը
Հաջորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը