15 տարվա ազատազրկում մեր հայրենակցին. «Ազատություն»

548

Բաքվի ռազմական դատարանն այսօր 15 տարվա ազատազրկման դատապարտեց Հակարիի կամրջից անցած ամառ առևանգված Վագիֆ Խաչատյանին: Դատավճիռը հրապարակեց նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը:

«Ես անմեղ մարդ եմ, ես էնտեղ չեմ մասնակցել, ես չեմ եղել էնտեղ: Ինձ ձերբակալեցին, ոչ թե ես ահաբեկիչ, ես Բադարա գյուղացի էի, ինձ բռնեցին որպես բադարեցի, Բադարայի բնակիչ». — Վագիֆ Խաչատյանն իր վերջին խոսքում Բաքվի դատարանին մի վերջին անգամ փորձեց համոզել, որ կապ չունի այն ամեն հետ, ինչում իրեն մեղադրում են։

Տարեց արցախցին անգամ խնդրեց իրեն հատուկ սարքերով ստուգել, որ չի ստում, Մեշալիում չի եղել, որևէ մեկին չի սպանել. «Կան այդպիսի սարքավորումներ, որ մարդու ճշտությունը և սուտ ասելը որոշում են: Ես ուզում եմ այդ ցուցմունք տվող մեքենաներով ինձ ցուցմունք տան, որ ես էդտեղ չեմ եղել»:

Վագիֆ Խաչատրյանի ելույթից առաջ այսօր ավելի վաղ դատախազ Մուհադաս Սուլթանովն էր պահանջել 15 տարվա ազատազրկման դատապարտել նրան։ Դատախազն իր ելույթում պարզաբանել էր, թե ինչու ավելի խիստ պատժաչափ՝ ցմահ ազատազրկում չի պահանջում։ Ըստ Սուլթանովի՝ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է ցմահ ազատազրկել 65 տարեկանից բարձր անձանց, իսկ Խաչատրյանը 68 տարեկան է։

Ցմահ ազատազրկումից հետո Ադրբեջանում ամենաբարձր պատժաչափը 20 տարին է, բայց սա էլ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կիրառել չի ստացվի՝ կրկին իրավական նորմերի պատճառով։ Այս դեպքում էլ, ըստ դատախազի, քանի որ Խաչատրյանը հանցագործությունը կատարել է 1991-ին, իսկ մինչև 2014-ի օրենսդրության համաձայն՝ Խաչատրյանի կատարած հանցագործության համար ամենաբարձր պատժաչափը 10-15 տարվա ազատազրկումն է, հետևաբար՝ նրա համար պահանջել է օրենսդրության համաձայն ամենախիստ պատիժը՝ 15 տարին, հաղորդում է «Ազատություն»-ը։

Նախորդ հոդվածըԻսրայելի նախկին վարչապետը կոչ է արել Գազայում գործողությունն ավարտել առաջիկա շաբաթներին
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Բարսելոնան» սենսացիոն պարտություն կրեց, «Բորուսիան» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)