‘2008 մարտի 1. Փոխոստիկանապետ. Գնացել էինք բացատրական աշխատանքի շնորհիվ ցուցարարներին խաղաղ ցրելու’

2513

Մարտիմեկյան սպանդի քրեական գործի շրջադարձից հետո նախկին իշխանությունները տեղի ունեցածի վերաբերյալ ամեն անգամ նոր վարկածներ են ներկայացնում, կամ հին վարկածները համեմում են նոր մեկնաբանություններով:

Ինչպես հայտնի է, առավոտյան իրադարձությունների վերաբերյալ նախկին վարկածն այն էր, թե ոստիկանները գնացել էին հրապարակ միայն զննություն կատարելու համար: Այսօր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե ինքը տեղյակ է եղել սպասվող զննության մասին, սակայն ընթացքի մասին տեղեկացել է միայն առավոտյան, եւ որ ինքը չի հրահանգել գործողություններ իրականացնել Ազատության հրապարակում: Զննությունն իբր զենք հայտնաբերելու նպատակով էր, քանի որ այդպիսի տեղեկություններ էին ստացվում, որ ցուցարարները զենք պիտի ստանային` ինչ-ինչ գործողություններ կատարելու համար:

Ազատության հրապարակում ցուցարարներին ցրելուց հետո, ինչպես հայտնի է, իշխանություններն` իրենց լրատվամիջոցների միջոցով նյութեր էին տարածում, թե ինչպես են բաց ձեռքերով` առանց ձեռնոցների հրապարակից քիչ հեռու` թփերի ու ծառերի տակ հայտնաբերում մի քանի ատրճանակ` դրանց վրա թողնելով իրենց մատնահետքերը:

Նոր տարածվող մեկնաբանություներով մեղադրյալի պաշտպանական կողմը մի քանի անգամ արդեն հայտարարել է, թե սպասվող օպերացիայից մի քանի ժամ առաջ ոստիկանության գնդապետներից մեկը զանգահարել է ցուցարարներին եւ տեղեկացրել սպասվող օպերացիայի մասին: Եւ որ կան գաղտնալսումներ:

Բնականաբար հասկանալի չէ՝ եթե ցուցարարները նախապես իմացել են այդ մասին, ապա ինչո՞ւ զենքերը, եթե այդպիսիք եղել են, չեն տեղափոխել այլ վայր, եւ կամ եթե այդ օրը սադրանքների դիմելու ցանկություն ունեին, ինչու են ոստիկանության կողմից ուժի կիրառմանը դիմադրել ձեռքի տակ եղած փայտի կտորներով, ոչ թե՝ այդ նույն զենքով:

 

Ինչպես հայտնի է` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 20 օրով սահմանափակվում է ԶԼՄ-ների եւ համացանցի գործունեությունը: Այդ օրերին իշխանությունները պարբերաբար հանդես էին գալիս ասուլիսներով եւ մեկնաբանություններով, որոնց վերաբերյալ վկայությունները պահպանվել են միայն այդ օրերին հրապարակվող փոքրաթիվ ԶԼՄ-ներում, որոնք, հրամանագրի համաձայն, բացառապես իշխանությունների ներկայացրած վարկածներն էին մատուցոմ հանրությանը:

Հայտնի է նաեւ, որ այդ օրերին իշխանությունները հաճախ իրարամերժ հայտարարություններ էին անում, քանի որ տեղի ունեցածի իշխանական վարկածը դեռ վերջնական փաթեթավորված չէր, եւ դեռ իրավական առումով կարում ու ձեւում էին վարկածները` քիչ թե շատ խելքին մոտ վարկածներ ներկայացնելու համար:

Եւ այսպես, ամրապնդված վարկածն այն է, որ առավոտյան ոստիկանները զննության նպատակով են գնացել հրապարակ, եւ նոր վարկածը` որ իշխանությունները` բարձրագույն ղեկավարությունը, տեղյակ չի եղել:

 

Հիմա հետ գնանք 2008 թվականի մարտ ամիս: Մարտի 4-ին մամլո ասուլիս է հրավիրում ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը:

Նա մասնավորապես անդրադառնում է առավոտյան դեպքերին եւ ներկայացնում իշխանական վարկածը, որ գնացել էին զննության, բայց խոսքի արանքում խոստովանում է, որ գնացել էին ցույցը ցրելու:

Ահա Մահտեսյանի խոսքից մի քանի մեջբերում` այն ժամանակ լույս տեսած մի քանի ԶԼՄ-ներից:

PanARMENIAN.Net — Երեւանում մարտի 1-ին անցած անկարգությունները դադարեցնելու համար Ոստիկանության աշխատակիցները զենք չեն կիրառել: Անկարգության մասնակիցների անօրինական գործողությունների դեմ Երեւանի ոստիկանությունը օգտագործել է միայն ռետինե մահակներ եւ վահաններ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: «Ի սկզբանե հանրապետության իշխանությունները չէին պատրաստվում ուժային միջոցներ ձեռնարկել եւ ցանկանում էին հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել: Սակայն այլ ելք պարզապես չկար, քանի որ իրավիճակը լիովին դուրս էր եկել վերահսկողությունից»,- հայտարարել է Արարատ Մահտեսյանը: Նրա խոսքերով, փետրվարի 29-ին օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Ազատության հրապարակում զենք է բաժանվում: «Մարտի 1-ի վաղ առավոտյան Ոստիկանության ստորաբաժանումները ուղղվել են Ազատության հրապարակ, որպեսզի զննություն անցկացնեն եւ առգրավեն զենքը: Սակայն հանրահավաքի մասնակիցները ոստիկաններին ագրեսիվ գործողություններով են դիմավորել, եւ ոստիկանության աշխատակիցներն այլ ելք չունեին, բացի ուժի կիրառումից»,- նշել է Ոստիկանության պետի տեղակալը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ. «Երեւանի Թատերական հրապարակից ցուցարարներին ցրելու հարցում երկրի ղեկավարության կողմից ի սկզբանե բացառվել է ուժի կիրառման տարբերակը: Մենք պետք է հասնեինք նրան, որ բացատրական աշխատանքի շնորհիվ ցուցարարները խաղաղ ցրվեին: Սակայն չկարողացանք դա իրագործել, եւ մարդիկ օգտվելով ժամանակից` սկսեցին դիմադրության ընթացքում օգտագործել ոչ միայն մահակներ, այլեւ` հրազեն»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: 

«Հայաստանի Հանրապետություն» թերթ. «Երեւանի Թատերական հրապարակից ցուցարարներին ցրելու հարցում երկրի ղեկավարության կողմից ի սկզբանե բացառվել է ուժի կիրառման տարբերակը։ Մենք պետք է հասնեինք նրան, որ բացատրական աշխատանքի շնորհիվ ցուցարարները խաղաղ ցրվեին։ Սակայն չկարողացանք դա իրագործել, եւ նրանք, օգտվելով ունեցած ժամանակից, դիմադրության ընթացքում օգտագործեցին ոչ միայն մահակներ, այլեւ՝ հրազեն»,– ասաց նա։

Ի դեպ, ոչ թե զննության, այլ հրապարակը «մաքրելու» վարկածը հաստատում է նաեւ 2008 թվականին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը: 2008թ. մարտի 10-ին ԱՄՆ Պետքարտուղարություն ուղարկած հեռագրում փոխդեսպանը ներկայացնում է  իր եւ Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի գաղտնի հանդիպման մանրամասները:

Իսագուլյանը խոստովանել է, թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանական գործողությունն արտոնել էր Ռոբերտ Քոչարյանը: 

Ոստիկանների Ազատության հրապարակում հայտնվելու իրական նպատակների մասին տեղեկանում ենք նաեւ 2008-ի մարտի 1-ին՝ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վ. Հարությունյանի՝ թիվ 62202508 քրեական գործ հարուցելու մասին որոշումից:  

Հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վ. Հարությունյանի՝ թիվ 62202508 քրեական գործ հարուցելու մասին որոշումը  (1 մարտի, 2008թ.)

 

Որոշում

Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին

01 մարտի 2008                                                                                                   Քաղ. Երևան 

ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանս, քննարկելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ նյութերը,

 Պարզեցի

2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը,  ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և այլոք, օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել և անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ որոշումների պահանջներին չենթարկվելու կոչեր են արել, իսկ զանգվածային միջոցառման մի շարք մասնակիցներ ապօրինի պահել և կրել են ապօրինի ձեռք բերված զենք և զինամթերք:

2008 թ. մարտի 1-ին, ժամը 06-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ հարկադիր դադարեցնելու նպատակով ձեռնարկված միջոցառումների ընթացքում, միջոցառման կազմակերպիչները և մասնակիցները չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի և այլ հարմարեցված գործիքների գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ` ՀՀ ոստիկանության աշխատակիցներին պատճառելով տարբեր աստիճանների ծանրության մարմնական վնասվածքներ:

Վերոգրյալի հիման վրա և նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին և երկրորդ մասերով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ, 175-176-րդ, 180-182-րդ, 187-րդ, 191-192-րդ հոդվածներով`

Որոշեցի

1. ՀՀ նախագահի թեկնածու Լևոն ՏերՊետրոսյանի և նրա աջակիցների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ նյութերով հարուցել քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշերով, ընդունել վարույթ և ձեռնարկել նախաքննություն:

2. Սույն որոշման պատճենը հանձնել ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ` Վ. Հարությունյան

                                                    

Հ.Գ. Ի դեպ, թեեւ Արարատ Մահտեսյանը հայտարարում է, թե իբր ցուցարարները ոստիկանների դեմ Ազատության հրապարակում հրազեն են կիրառել, սակայն, անգամ նախկին իշխանությունների ժամանակ, երբ բազմաթիվ շինծու գործեր էին հարուցվում, ոստիկանների դեմ հրազեն կիրառելու «փաստով» գործ չի հարուցվել, եւ այդ վարկածը այդպես էլ չի զարգացվել հետագայում:

iLur.am

 

Նախորդ հոդվածը‘Ագուերոն սիրավեպ է սկսել 21-ամյա մոդելի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն երկու պայման է դրել «Ռեալի» առաջ’