‘6 օրով Երևանը կդառնա թատերական մայրաքաղաք’

939

Առաջիկա 6 օրերին Երևանը կլինի թատերական մայրաքաղաք: Նոյեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը` «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Հայաստանում անցկացվող թատերական կոնգրեսին մոտ 300 պատվիրակներ են ժամանել Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից: Միջազգային թատերական ինստիտուտը (ՄԹԻ) կատարողական արվեստի աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է: Այն ունի մոտավորապես 100 կենտրոն և կազմակերպության անդամներ ողջ աշխարհով մեկ: Յուրաքանչյուր երկրորդ տարին ՄԹԻ-ի անդամները հավաքվում են համաշխարհային կոնգրեսի ժամանակ` ինստիտուտի ապագա անելիքներն ու նախագծերը պլանավորելու:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն նշեց, որ ՄԹԻ կոնգրեսն անցկացնելու համար իրենք շատ տարբերակներ են ունեցել, վերջին ընտրությունը կանգ է առել Ադրբեջանի վրա, բայց որոշել են գնալ մի տեղ, որտեղ կա խոսքի ազատություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որոշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, թե՞ իրենց կազմակերպությունը, ինչին Բիանկոնեն պատասխանեց, որ իրենց կազմակերպությունն այնպիսին է, որ իրենք են որոշում ուր գնալ, և որոշեցին գնալ ոչ թե Բաքու՝ գումարի հետևից, այլ Հայաստան՝ թատրոնի հետևից, որտեղ սիրտ կա:

Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, հանդիպումներ: Երեկոյան ժամերին թե պատվիրակները և թե հանդիսատեսը կարող են ներկայացումներ դիտել թատրոններում:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը’