Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին և ԱՄՆ-ին՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև համաձայնություն ձեռք բերելու հարցում նրանց ավանդի համար։
Համապատասխան ուղերձը նա հրապարակել է X սոցցանցի իր էջում։
«Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին, որոնք ավանդ են ներդրել Գազայի հատվածում մարդասիրական դադարի մասին համաձայնություն ձեռք բերելու հարցում, հատկապես՝ եղբայրական Եգիպտոսին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին,- շեշտել է վարչապետը։- Հուսով ենք, որ այդ զինադադարը հիմք կդնի համապարփակ և կայուն պայմանավորվածության հասնելու համար, ինչը կկանգնեցնի պատերազմի թափանիվը և արյունահեղությունը, ինչպես նաև կբերի լուրջ բանակցությունների՝ արդարացի խաղաղ գործընթացի շուրջ, միջազգային իրավունքի բանաձևերին համապատասխան»։