Դուբլինում ընկերություններից շատերը, Իռլանդիայի մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների պատճառով, իրենց աշխատակիցներին պարտավորեցրել են աշխատել հեռավար։
Անկարգությունները բռնկվել են այն բանից հետո, երբ դանակով զինված տղամարդը հարձակվել է երեխաների վրա, հաղորդել է The Independent պարբերականը։
Նախորդ օրը անկարգությունների ընթացքում ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, հրկիզել են ավտոբուսներ, տրամվայներ, ավտոմեքենաներ, նշում է թերթը։
Իռլանդիայի ոստիկանության ղեկավար Դրյու Հարիսը հայտարարել է, որ անկարգությունների համար մեղավոր են «մի խումբ խելագարներ, որոնք առաջնորդվում են ծայրահեղ աջ գաղափարախոսությամբ»։
Կարգուկանոն հաստատելու գործում ներգրավվել է ավելի քան 400 ոստիկան։
Անհայտ տղամարդը Դուբլինում անցորդների վրա հարձակվել է նոյեմբերի 23-ին։ Տուժել են երեք երեխա՝ երկու աղջիկ ու մեկ տղա, և երկու մեծահասակներ՝ տղամարդ և կին։ Հարձակման կասկածանքով ձերբակալվել է մի տղամարդ, որի ինքնությունը չի բացահայտվում։ Ոստիկանությունում հայտարարել են, որ միջադեպը ահաբեկչություն չեն համարում։