Ավարտվող մրցաշրջանում Հայաստանի տարիքային տարբեր խմբեր ներկայացնող ծանրորդները միջազգային ասպարեզներում նվաճել են 146 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ է և 39-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայ ծանրորդները վերջերս Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթներն ավարտել էին երկամարտի 3 ոսկե մեդալով:
Հայաստանի վերջին մեդալը նվաճել է տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Ավելի վաղ` Մ20 տարեկանների առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Գոռ Սահակյանը (67 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանն ավելի վաղ փոքր բրոնզե մեդալ էր նվաճել հրում վարժությունում՝ ցույց տալով 171 կգ արդյունք: