«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային հասարակական կազմակերպությունը հաղորդել է պաղեստինցի լրագրողների նկատմամբ հաճախակի դարձած հարձակումների մասին։
Կազմակերպության տեղեկություններով՝ վերջին օրերին բռնության մի քանի դեպք է արձանագրվել պաղեստինցի լրագրողների նկատմամբ, երբ նրանք լուսաբանել են իսրայելական բանտերից պաղեստինցի կալանավորների ազատագրումը։
Մասնավորապես, Լրագրողների պաշտպանության կոմիտեն փաստաթղթավորել է պաղեստինցի լրագրողների վրա հարձակումը «Օֆեր» բանտի մոտ, որտեղից Կարմիր խաչի ընկերության աշխատակիցները կալանավորներին դիմավորում և տեղափոխում էին Հորդանան գետի Արևմտյան ափ։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ առնվազն 57 լրագրողներ, այդ թվում՝ 50-ը՝ պաղեստինցի, 4 իսրայելցի և 3 լիբանանցի, զոհ են դարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման այս նոր փուլում, 11 լրագրողներ վիրավորվել են, ևս 3-ը համարվում են անհետ կորած։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի կարծիքով՝ հիմա լրագրողների համար ամենամահաբեր շրջանն է՝ այն պահից, երբ 1992 թ․ կազմակերպությունն սկսել է տվյալներ արձանագրել։