Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) մասնակից երկրների տարածքներում տեղակայված ամերիկյան զինծառայողների թիվը 90 հազարից կրճատվել է մինչև 80 հազարը 2023-ի ֆինանսական տարում։
Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրավոր ծանուցմամբ, որը Սպիտակ տունը, ամերիկյան օրենսդրության համաձայն, ուղարկել է Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի առաջնորդներին։
«ԱՄՆ ԶՈՒ մոտավորապես 80 հազար զինծառայողներ ուղարկվել են կամ տեղակայված են Եվրոպայի ՆԱՏՕ-ի երկրներում՝ նաև մեր դաշնակիցներին հանգստացնելու և ռուսաստանյան հետագա ագրեսիան զսպելու նպատակով»,- նշել է ամերիկյան առաջնորդը։
Անցյալ տարի համապատասխան ծանուցման մեջ նշվում է 90 հազար զինծառայողների տեղակայման մասին։ Ընդ որում, Կոսովոյում Անվտանգության միջազգային ուժերի կազմում ամերիկացիների թիվն ավելացել է՝ 488-ից մինչև 578։ Հորդանանում նույնպես ամերիկացի զինվորականների թիվը մեծացել է՝ 3003-ից դառնալով 3188, Լիբանանում՝ 36-ից 76։ Սաուդյան Արաբիայում այդ թիվը նվազել է՝ 2755-ից հասնելով 2088-ի։