Միացյալ Նահանգները ջանում է, որ Ռուսաստանը 2024 թ․ վերջին ստիպված լինի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների գնալ Կիևի համար շահավետ պայմաններով։
Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները։
«Մենք կուզենայինք, որ եկող տարվա վերջին ուկրաինացիներն այնպիսի դիրքում լինեն, որ Ռուսաստանը ստիպված լինի որոշում կայացնել․ կամ նրանք (ռուսաստանցիները) պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ այն պայմանաներով, որոնք ընդունելի են Ուկրաինայի համար և հենվում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի ողջ տարածքի ամբողջականությունն ամրագրող ՄԱԿ-ի Կանոնադրության վրա, կամ էլ նրանք գործ կունենան ավելի ուժեղ Ուկրաինայի հետ, որը ԱՄՆ-ում և Եվրոպայում, ինչպես նաև Ուկրաինայի ներսում կհենվի ավելի հզոր արդյունաբերական բազայի վրա և կարող է կրկին հարձակում իրականացնել»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։