Անկախության հանրաքվե – 1

91

Հատված Աշոտ Սարգսյանի «Հայաստանի անկախության վերականգնումը. 1990-1991» գիտական աշխատությունից, մասնակի կրճատումներով

1. Իրավիճակը եւ հանրաքվեի նախապատրաստական միջոցառումները

Անկախության հանրաքվեի նախապատրաստումը, օրենսդրական-կազմակերպական աշխատանքներից բացի, ընթանում էր նաեւ որպես գաղափարական-քարոզչական պայքար այն ուժերի դեմ, որոնք անկախությունը համարում էին վտանգավոր, անիմաստ, աննպատակահարմար, որպես «Թուրքիայի գիրկն ընկնելու» հեռանկար եւ այլն: ՀՀՇ-ն պարբերաբար պատասխանում էր կրկնվող անհիմն մեղադրանքներին՝ հստակ ներկայացնելով իր քաղաքական ուղեգիծը, այն է՝ Անկախության հանրաքվեն դեռ ո՛չ «անմիջական անջատում» է նշանակում, ո՛չ «առճակատում» Կենտրոնի հետ, ո՛չ էլ «Թուրքիայի գիրկն ընկնել», այլ գործող խորհրդային օրենքներով նախատեսված՝ անկախացման օրինական գործընթացի հերթական փուլ: Միաժամանակ` նախաձեռնվեց հանրաքվեի հարցում միասնական պլատֆորմի շուրջ համախմբել այն քաղաքական ուժերին, որոնք, անկախ իրենց «ուրույն» մոտեցումներից, գեթ հանրաքվեի դրված հարցի հետ կապված, չէին կարող այլ պատասխան քարոզել: Գերագույն խորհրդի Անկախ պետականության եւ ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Եգորյանի նախաձեռնությամբ այս թեմայով կազմակերպվեցին լայն քաղաքական քննարկումներ: Քննարկումների արդյունքում վեց կազմակերպություն հուլիսի 10-ին միասնական հայտարարությամբ հրապարակեց սեպտեմբերի 21-ի հանրաքվեին մասնակցելու եւ դրական պատասխան տալու հետեւյալ կոչը.

«Խորհրդային Միության քաղաքական ու տնտեսական խորը ճգնաժամով պայմանավորված իրադրությունը եզակի հնարավորություն է ընձեռում հայ ժողովրդին իր ազատասեր զավակների կյանքի գնով վառ պահած եւ ազգային-ազատագրական շարժումով ոգեկոչված համաժողովրդական պայքարն իր տրամաբանական հանգրվանին հասցնելու՝ Հայաստանի Հանրապետության ազգային անկախ պետականություն հաստատելու համար: Ինքնուրույն քաղաքական կառուցվածքներ հիմնադրելուց, հողի սեփականության վերաբերյալ որոշումներ ընդունելուց եւ դրանք իրականացնելուց, ժողովրդավարական համակարգի ստեղծմանն ուղղված մի շարք այլ քայլերից հետո անկախ պետականության հաստատման ճանապարհին հաջորդ կարեւորագույն քայլը Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն է: Մեր վճռական «Այո»-ն զգալիորեն կբարելավի մեր դիրքերը միջազգային ասպարեզում, այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական սերտ կապերի հաստատման հնարավորություն կընձեռի, կստիպի ԽՍՀՄ ղեկավարությանը հաշվի նստել հայ ժողովրդի կամքի հետ: Միայն անկախ պետականության պայմաններում է հնարավոր ապահովել ազգի զարգացումը, բարգավաճումը, ազգային իղձերի իրականացումը…» («Հայաստանի Հանրապետություն» 11.07.1991) ։

Հայտարարությունը կարեւոր էր նրանով, որ դրա տակ բացի ՀՀՇ-ից ստորագրել էին նաեւ տարբեր հարցերում ՀՀՇ-ին սուր ընդդիմադիր դերում հանդես եկող ԱԻՄ-ը, ՀՀԿ-ն, ՀՌԱԿ-ը, Հայաստանի Ազգային պահպանողական կուսակցությունը, ՀՔԴՄ-ն, որոնք մինչ այդ հանրաքվեի անցկացման ժամկետների հարցում տարբեր մոտեցումներ ունեին: Չնայած քննարկումներին մասնակցում էին, սակայն այս հայտարարությունը չստորագրեցին ՀԿԿ-ն եւ ՀՅԴ-ն: Հանրաքվեին մասնակցելու եւ դրական պատասխան տալու կոչով քուրդ ազգաբնակչության անունից հանդես եկավ Հայաստանի գրողների միության քուրդ գրողների մասնաճյուղը:

 ԽՍՀՄ իրավական գոյության պայմաններում, նրա օրենքներով անկախության ձեռք բերման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած ուղին, ԽՍՀՄ 15 հանրապետությունների մեջ միակը լինելով, բարձր գնահատականի էր արժանանում միջազգային հանրության կողմից, քանզի վերջինիս ամենամեծ մտահոգություն այն էր, որ, կայսրությունում ընթացող գործընթացները մնան վերահսկելի ու չվերաճեն անկանխատեսելի, վտանգներով հղի փլուզման։ Մյուս կողմից՝ Հայաստանի ու նրա իշխանությունների միջազգային վարկը բարձրացնում էին կատարվող կառուցվածքային բարեփոխումները եւ ժողովրդավարության հաստատմանն ուղղված արմատական ու վստահ քայլերը։ Այսպես՝ «Վաշինգտոն Թայմսը» գոհունակությամբ արձանագրում էր, որ «ՀՀ ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել պահպանելու այն դրույթները, որոնք նախատեսված են Խորհրդային Միության կազմից դուրս գալու՝ խորհրդային Նախագահ Գորբաչովի ընդունած օրենքով» («Հայաստանի Հանրապետություն», 03.08.1991): Իսկ «Նյու-Յորք Թայմսը» այդ իրողությունը ներկայացնում է բարձր գնահատականով. «Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած հեղափոխությունը խաղաղ է, գթասրտորեն, ռազմականորեն խաղաղ։ Մինչ խորհրդային ժողովուրդը զանգվածաբար ներքաշվել է քաղաքական կատաղի պայքարի ու թոհուբոհի մեջ, ՀՀ նորընտիր նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն անկախության հասնելու միանգամայն այլ ուղի է ընտրել: Հայ առաջնորդը պառլամենտական քաղաքական գործչի այն նոր տեսակն է ներկայացնում, որը ժպտալով ընդունում է, որ պարոն Գորբաչովը, կոմունիզմի հոգնատանջ վագրին հեծած, դեռ կարող է դիմել ամբողջատիրական կառավարմանը: Այստեղ, անխնամ մայրաքաղաքի փոշոտ փողոցներում, անհերքելի է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած նոր քաղաքականության հաջողությունը, որը վերստին ոգեշնչում է այս հարավային հանրապետության ժողովրդին: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հանրաքվեն նաեւ միանշանակորեն հաստատելու է այն փաստը, որ ի տարբերություն այլ հանրապետությունների, Հայաստանը պատրաստվում է մի քանի տարվա ընթացքում ավարտել անկախության գործընթացն ու կառուցել ազատ շուկայական նոր տնտեսական հարաբերություններ ԽՍՀՄ-ի հետ: Պարոն Տեր-Պետրոսյանն այն կարծիքին է, որ միայն հռետորականությունը չի կարող հիմք հանդիսանալ անկախ գոյատեւման համար» («Հայաստանի Հանրապետություն», 03.08.1991):

Եւ այնուամենայնիվ, հակաանկախական քարոզչությունը՝ իրականացված Կոմկուսի, Դաշնակցության, մտավորական նախկին նոմենկլատուրայի միջոցով, ինչը ապրիլ-հուլիս ամիսներին զուգակցվել եւ ավելի արդյունավետ էր դարձել Կենտրոնի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ճնշումներով, որոշակի արդյունքի հասել էր: Այդ էր վկայում տարբեր խավերի եւ տարիքի 10.000 հարցվողներից 1991թ. մարտին եւ օգոստոսի կեսերին կատարված հարցման արդյունքների համեմատությունը: Հանրաքվեի համար նախատեսված «Համաձա՞յն եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին ստացված պատասխանները տոկոսային առումով ներկայացնում էին այսպիսի պատկեր(տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 07.09.1991 ).

Դժվար չէ նկատել մի քանի կարեւոր իրողություն: Առաջին՝ հասարակության առանձնացված բոլոր տարիքային եւ սոցիալական խմբերում հարցադրմանը «Այո» պատասխանողների տոկոսը մարտից մինչեւ օգոստոս ընկել էր, իսկ ամենամեծ անկումը տեղի էր ունեցել փախստականների (հիմնականում՝ նախկին ղարաբաղցիներ) շրջանում: Երկրորդ՝ այդ անկումն, այնուամենայնիվ, էական չէր եւ չէր կարող ազդել հանրաքվեի վերջնական արդյունքի վրա, եթե այն տեղի ունենար այդ օրը: Սա նշանակում է, որ Մոսկվա-Ադրբեջան բլոկի կողմից մի քանի ամիս կիրառվող ռազմական ճնշումները եւ այդ ընթացքում ու դրան զուգահեռ Հայաստանում հակաանկախական ուժերի կողմից քարոզչական եւ քաղաքական բուռն պայքարն ապարդյուն էին անցել: Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հիմնական քաղաքական հարցում պաշտպանում էր ժողովրդավարական իշխանության անկախության հասնելու ուղեգիծը:

Օգոստոսյան հեղաշրջման փորձը, դրա դեմ ծառացած ժողովրդավարական ուժերի տարած հաղթանակը, Մերձբալթյան հանրապետությունների անկախության ճանաչումը, տարբեր հանրապետություններում ԳԿՉՊ-ի ձախողումից անմիջապես հետո իրենց Գերագույն խորհուրդների կողմից անկախության հռչակումը, Հայաստանի իշխանության կտրուկ դիրքորոշումը եւ ընդհանուր մթնոլորտը շատ բան փոխեցին։ Հօգուտ անկախության փաստարկների հիմքերը բազմապատկվեցին։ Հասարակական տրամադրության կտրուկ փոփոխման պայմաններում անկախության դեմ պայքարողները, մի տեսակ անաղմուկ, անցան ընդհատակ։

Սեպտեմբերի առաջին եւ երկրորդ տասնօրյակները հանրաքվեին «Այո» պատասխանելու քարոզարշավի ամենաբուռն օրերն էին: Հօգուտ անկախության՝ հայտարարություններով ու կոչերով կրկին հանդես եկան ՀՀՇ 3-րդ արտահերթ համագումարը (տե՛ս «Հայք» 30.08.1991), ՀՀ Գերագույն խորհուրդը (տե՛ս Տեղեկագիր ՀՀ ԳԽ-ի, 1991, 17, հոդվ. 376), Ամենայն Հայոց վեհափառ հայրապետ, կաթողիկոս Վազգեն Ա-ն («Հայաստանի Հանրապետություն», 17.09.1991): Ի հեճուկս օրեր առաջ Գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից հրապարակված տարտամ կոչի, Ակադեմիայի դահլիճում գումարված՝ մտավորականության ներկայացուցչական հավաքը (կազմակերպվել էր պատգամավոր Կարեն Յուզբաշյանի նախաձեռնությամբ) հանրապետության քաղաքացիներին ուղղված հստակ կոչով դիմում ընդունեց՝ քվեարկել հօգուտ անկախության Սեպտեմբերի 20-ին հրապարակվեց ԳԱ ընդհանուր ժողովի անունից ընդունված նույնաբովանդակ հայտարարություն՝ սեպտեմբերի 18-ով թվագրված եւ Վ. Համբարձումյանի ստորագրությամբ (տե՛ս «Հայաստան», 20.09.1991): Նույնպիսի բովանդակությամբ կոչեր ընդունեցին Մշակույթի աշխատողների միությունը, Գրողների միությունը, հայրենակցական միություններ եւ այլն: Հօգուտ անկախության քվեարկելու կոչ արեցին ճանաչված մտավորականներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ՝ Հրանտ Մաթեւոսյանը, Սերո Խանզադյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Խաչիկ Սաֆարյանը, Աղասի Այվազյանը, Վարդգես Պետրոսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Գոհար Գասպարյանը, Օհան Դուրյանը, Տիգրան Լեւոնյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Լեւոն Թոքմաջյանը, Էդուարդ Միրզոյանը, Լորիս Ճգնավորյանը, Մարո Մարգարյանը, Հովհաննես Զարդարյանը, Վարագ Առաքելյանը, Հակոբ Հակոբյանը (նկարիչ), Տիգրան Մանսուրյանը, Խորեն Աբրահամյանը, Վիկտոր Համբարձումյանը եւ բազմաթիվ ուրիշներ (տե՛ս Մինասյան Գ., Հանրաքվե, Երեւան, 1992):

ՀՀՇ-ի նախաձեռնությամբ հանրաքվեի նախորդող օրերին «Այո՛» կարգախոսով քարոզչական չորս ավտոշարասյուն՝ երաժշտական համույթների, դերասանների ու երգիչների ուղեկցությամբ, ուղեւորվեց դեպի հանրապետության շրջանները՝ աշխատելով անցնել բոլոր բնակավայրերով: Այս ամենի շնորհիվ առաջացած ոգեւորության եւ խանդավառության հուժկու ալիքով հասարակության միջից արագորեն դուրս էին գալիս ամեն տեսակ վերապահումները: Հանրաքվեին մասնակցելու եւ դրական պատասխան տալու հաստատակամությունը դառնում էր համընդհանուր: Սեպտեմբերի 19-ին, ուշ երեկոյան, ոչ այնքան հորդորական, որքան շնորհավորական խոսքով ժողովրդին դիմեց նաեւ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «….Մենք կատարում ենք վճռական քայլ, որին անմիջապես պետք է հետեւի Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակումը։ Բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ անկախությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ընդամենը միջոց է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հասնելու համար, որովհետեւ գերագույն նպատակն ազատությունն է։ Եւ միայն ազգի անկախ պետականությունն է, որ կարող է ապահովել յուրաքանչյուր անհատի եւ հավաքական ժողովրդի ազատությունը։ Մենք անկախության ենք գնում ոչ թե զգացմունքներով. մենք գնում ենք գիտակցությամբ, բանականությամբ, քաղաքական ստույգ հաշվարկով….» (Մինասյան Գ., Հանրաքվե, էջ 51)։

Անկախության հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու համար պաշտոնական հրավեր էր ուղարկված 57 երկրների, միջազգային կազմակերպությունների: Իրենց կողմից դիտորդներ էին հրավիրել նաեւ կուսակցությունները: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ՝ այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրը պետք է բացակայեին հանրապետությունից, կարող էին քվեարկել նախապես՝ սկսած սեպտեմբերի 10-ից:

Շարունակությունը` հաջորդիվ

Նախորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը Բաբկեն Արարքցյանի 80-ամյակի առիթով