Արման Գրիգորյան. Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը

496

Հոդվածի բնօրինակը լույս է տեսել ամերիկյան Security Studies (Vol. 33, No. 3 /Summer 2024/, pp. 372-406) գիտական պարբերականում:

Մաս I Մաս II Մաս III Մաս IV

Հակափաստարկներ

Միանգամայն կանխատեսելի էր, որ Փաշինյանը սուր քննադատության թիրախ էր դառնալու պատերազմից հետո։ Նրան քննադատեցին և՛ պատերազմից խուսափել չկարողանալու, և՛ պատերազմի աղետալի արդյունքի համար։ Նրա թիմն ու աջակիցները դիմադրեցին և շարունակում են դիմադրել այդ քննադատություններին` հընթացս երևան բերելով առասպելների մի նոր շարք դրանց հակադարձելու համար։ Հայաստանյան քաղաքականության պաթոլոգիաների որևէ քննարկում չի կարող ամբողջական համարվել առանց այդ նոր առասպելները թեկուզ համառոտ ձևով քննարկելու, քանի որ դրանք միաժամանակ հակափաստարկներ են այս աշխատության մեջ առաջ քաշված փաստարկների դեմ։

Առաջին հակափաստարկը, որ Փաշինյանի կողմնակիցներն առաջ են քաշել` այն է, որ հանրությունը դիմադրելու էր որևէ փոխզիջումային լուծման, քանի որ նման լուծումը ենթադրում էր տարածքային զիջումներ, իսկ նման զիջումներ անելու պարագայում Փաշինյանին փակցվելու էր դավաճանի պիտակը։[1] Սա համոզիչ պնդում չէ, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, խնդիրն այն չէր, որ նրա կառավարությունը դժկամորեն կամ պատեհապաշտորեն ենթարկվեց հանրային ճնշմանը։ Իրականում նրանք նոր ավյուն ներարկեցին կոշտ գծի առասպելաբանությանն ու ակտիվորեն խորացրին ճգնաժամն իրենց հռետորաբանությամբ և քայլերով։ Պետք է հատուկ շեշտել, որ եթե նույնիսկ հանրության նախապատվությունները կոշտ գծի կողմն էին, Փաշինյանի նախապատերազմական հռետորաբանությունն ու վարքագիծն ընդամենը ամրապնդել էին դրանք։

Երկրորդ հետպատերազմական առասպելն այն է, որ պատերազմը հետևանք էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորման, որի հիմքում ռուս-թուրքական որոշակի գործարք էր, և որը կանաչ լույս վառեց ադրբեջանական ագրեսիայի առջև։ Հայաստանի կառավարության գործողություններն ու որոշումները պարզապես նշանակություն չունեին, պնդում են Փաշինյանի կողմնակիցները։[2] Սա կիսաճշմարտության աղավաղում է։ Թերևս ճիշտ է, որ ռուսները կարող էին զսպել ադրբեջանական հարձակումը, եթե կամենային։ Ճիշտ է նաև այն, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում զգալի մերձեցում էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ վերջինիս հարաբերություններն իր արևմտյան գործընկերների հետ սկսել էին որոշ ճաքեր տալ, ինչից ռուսները չէին կարող չօգտվել։ Դա, հավանաբար, անդրադարձավ հայ-ադրբեջանական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի դրսևորած վարքագծի վրա։ Պնդումը, սակայն, որ Ռուսաստանը Հայաստանի թիկունքում գաղտնի գործարքի էր գնացել, ու որ Հայաստանի իշխանությունների վարքագիծը բացարձակապես անկարևոր էր, անհիմն է։

Ռուսները չէին թաքցրել աջակցության այն մակարդակը, որ նրանք պատրաստ էին հատկացնելու Հայաստանին։ Մասնավորապես, ռուսները պատրաստ էին երաշխավորել հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի, ինչպես նաև Ղարաբաղը Հայաստանին կապող երկու շրջանների` Լաչինի ու Քելբաջարի վրա, հայկական վերահսկողության տակ գտնվող մյուս հինգ շրջաններից հայկական ուժերի դուրսբերման պարագայում։[3] Սակայն, նրանք երբևէ որևէ պատրաստակամություն չէին հայտնել հայկական կողմին աջակցելու 1994 թ.-ի զինադադարով ստեղծված ստատուս քվոն սառեցնելու հարցում։ Փաշինյանի կառավարությունը տեղեկացված էր ռուսների դիրքորոշման մասին, բայց որոշեց նրանց ուղերձներն անտեսել։ Վերջերս Արևելյան տնտեսական համագործակցության ֆորումում իր ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը հետևյալ հայտարարությունն արեց. «Մենք Ադրբեջանի հետ կարգավորման տարբերակ էինք առաջարկում, որը հայերի վերահսկողության տակ կթողներ Քելբաջարն ու Լաչինը։ Ղարաբաղի հետ միասին։ Հայկական կողմը մերժեց, չնայած մենք նրանց մի ամբողջ տասնամյակ, 10-15 տարի շարունակ համոզում էինք»։[4] Որևէ դավադրություն Հայաստանի թիկունքում չի եղել։

Պատերազմից հետո պրոպագանդված ևս մեկ առասպել հիմնվում էր այն պնդման վրա, որ հայկական զինված ուժերը լավ չկռվեցին։ Փաշինյանն ու նրա աջակիցները պնդում են, որ նրանք ժառանգել էին թույլ, կողոպտված բանակ` զինված ժամկետանց զենքերով, և որ հենց դա էր պարտության պատճառը։[5] Նրանք նաև պատասխանատվության ենթարկեցին որոշ սպաների որպես անկոմպետենտ հրամանատարների, մեղադրեցին ժամկետային զինծառայողներին ու պահեստազորի զինվորներին դասալքության մեջ,[6] և նույնիսկ հայտարարություններ արեցին բանակի ներսում գոյություն ունեցած ինչ-որ հինգերորդ շարասյան մասին։[7] Սա նույնպես համոզիչ փաստարկ չէ։ Նախ, պատերազմի գնում են այն բանակով, որ ունեն և ոչ այն բանակով, որ լավ կլիներ` ունենային։ Այսինքն, Փաշինյանի դիվանագիտությունը պետք է համապատասխանեցված լիներ Հայաստանի զինված ուժերի կարողություններին։ Երկրորդ, ճիշտ է, որ Հայաստանի զինված ուժերը բազմաթիվ խնդիրներ ունեին, ներառյալ սպառազինության որակը, սպայական կազմի ոչ բոլոր անդամների բարձր որակը, պլանավորման հետ կապված խնդիրները և այլն։ Սակայն ճիշտ է նաև այն, որ զինված ուժերը դիմադրեցին այնքան, որքան ողջամիտ էր նրանցից ակնկալել` հաշվի առնելով հակառակորդի թվային ու տեխնոլոգիական գերակշռությունը, ինչպես նաև Թուրքիայից վերջինիս ստացած աջակցությունը։ Չնայած իր ունեցած առավելությանը, ադրբեջանական բանակին մի քանի օր չհաջողվեց ճեղքել հայկական պաշտպանությունը հարձակման հիմնական ուղղությամբ։ Գլխավոր շտաբը նույնպես վարվել էր պատասխանատու կերպով` քաղաքական ղեկավարությանը ներկայացնելով ռազմական հավասարակշռության ճշգրիտ պատկերը պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում։ Մի հայտնի ռուս մասնագետ հայտարարեց, որ հայկական բանակն իրականում բավականին լավ կռվեց, չնայած իր սահմանափակումներին` պատասխանելով հակառակ տեսակետն արտահայտող պնդումներին։[8] Այս պնդումները, մի խոսքով, post hoc (փաստից հետո) արդարացումներ են մի քաղաքականության, որը չէր կարող աղետով չավարտվել։ Դրանք խնդիրներ ունեն տրամաբանության ու փաստական տվյալների հետ համապատասխանության առումով։ Նկատենք նաև, որ դրանք չեն կարող ճիշտ լինել միաժամանակ։

Անհրաժեշտ է արձագանքել երկու հակափաստարկի ևս, որոնք բխում են հեղափոխությունների ու պատերազմների մասին Ուոլթի ուսումնասիրությունից։ Դրանցից մեկն այն հիպոթեզն է, որ հեղափոխությունները ժամանակավոր իրարանցում ու խառնաշփոթ են ստեղծում, ինչը հակառակորդների համար գայթակղություններ է առաջացնում։[9] Կարող են պնդել, որ հենց այս տրամաբանությունն է ընկած 2020 թ.-ին տեղի ունեցածի բացատրության հիմքում, քանի որ պատերազմը Ադրբեջանը նախաձեռնեց, ոչ թե Հայաստանը։ Խնդիրն այն է, սակայն, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների չդիմեց 2018 թ.-ին, այսինքն` երբ Հայաստանը հեղափոխության հորձանուտում էր։ Բացի այդ, ինչպես արդեն նշել եմ, Հայաստանի կոշտ դիվանագիտական գիծը Ադրբեջանին փաստորեն երկընտրանքի առջև կանգնեցրեց։ Հետևաբար, չնայած այն բանին, որ ռազմական գործողությունների նախաձեռնողն Ադրբեջանն էր, Հայաստանը պատասխանատվության մեծ բաժին ունի հակամարտության էսկալացիայի համար։

Ուոլթը նաև վիճարկում է «հեղափոխական կերպարի» տեսությունը` պնդելով, որ հեղափոխականները տարբեր են լինում, և որ որոշ հեղափոխականներ ավելի ողջամիտ են եղել, քան մյուսները։ Նա բերում է Լենինի ու Ռոբեսպիերի օրինակները որպես հեղափոխականների, որոնք շահեկանորեն տարբերվել են ավելի անխոհեմ ու մեծ ռիսկերի հակված հեղափոխականներից, որոնց վրա խարսխված է «հեղափոխական կերպարի» տեսությունը։ Ուոլթը պնդում է, որ, հետևաբար, դա չի կարող ծառայել որպես հեղափոխություններն ու պատերազմներն իրար կապող ընդհանուր տեսություն։[10] Սա ճիշտ է, եթե մենք «հեղափոխական կերպարի» տեսությունը դիտարկենք որպես դետերմինիստիկ տեսություն։ Սակայն դա անելու որևէ պարտադրող պատճառ չկա։ Հեղափոխությունները սելեկտիվ ճնշման միջավայր են ստեղծում, ինչն առաջ է մղում ֆանատիկ ու անխոհեմ ռիսկերի պատրաստ մարդկային տեսակին, բայց դա չի նշանակում որ նրանց շարքերում լենիններ ու ռոբեսպիերներ երբեք չեն կարող հայտնվել։

Պատերազմից հետո

Անհրաժեշտ է նաև թեկուզ կարճ անդրադարձ կատարել պատերազմին հաջորդած իրադարձություններին և տեսնել, թե դրանք արդյո՞ք ինչ-որ բան ասում են այս աշխատության փաստարկի մասին։ Ավաղ, Փաշինյանի կառավարության վարքագիծն այդ ժամանակաշրջանում ընդամենը լրացուցիչ ապացույցներ է տրամադրել դրա օգտին։

Առաջին հայացքից թվում է, թե պատերազմում պարտությունը սթափեցնող ազդեցություն ունեցավ, և Փաշինյանն ու նրա թիմը սկսեցին բացասական ազդակներին արձագանքել ինչպես հարիր է ռացիոնալ էակներին։ Նրանք վերանայեցին իրենց բանակցային դիրքորոշումները պատերազմից հետո` բացատրելով հանրությանը, որ Հայաստանը պետք է ավելի ճկուն դառնա Ղարաբաղի կարգավիճակի հարցում, և որ Հայաստանի շահերից է բխում տարածքային ստատուս քվոն ճանաչելն ու խաղաղություն հաստատելը։ Հետագայում Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի անվերապահ սուվերենությունը Ղարաբաղի նկատմամբ` առանց թեկուզ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակի պահանջի։ Այս զիջումները կարող են ցիտվել որպես հիմնավորումներ այն պնդման, որ պատերազմից առաջ խնդիրն իրականում Ադրբեջանի կարողությունների մասին անբավարար ինֆորմացիան էր։

Խնդիրն այն է, սակայն, որ այս զիջումները թելադրված չէին պատերազմից հետո ստեղծված ուժերի հարաբերակցության դաժան իրականության կամ արտաքին աջակցության բացակայության ու ավելին ձեռք բերելու անհնարինության գիտակցմամբ։ Նման աջակցություն կար։ Մասնավորապես, Ռուսաստանը կողմ էր հայ-ադրբեջանական խաղաղության այնպիսի պայմանագրի, որը Ղարաբաղի կարգավիճակն առկախված կթողներ։ Ավելի կոնկրետ, ռուսները պնդում էին, որ առկա թշնամանքի ու անվստահության պայմաններում անհնար էր Ղարաբաղի կարգավիճակը սահմանող ինչ-որ բանաձև գտնել, որը տեսանելի ապագայում միաժամանակ ընդունելի կլիներ երկու կողմերի համար։ Խաղաղ գոյակցության որոշակի ժամանակահատվածից հետո այդ հարցը լուծելը, թերևս, ավելի կհեշտանար, և նույնիսկ այդ հեռանկարում ռուսների դիրքորոշումը ենթադրում էր ինչ-որ կարգավիճակ և ոչ Ղարաբաղի անվերապահ հանձնում Ադրբեջանին։ Սակայն Փաշինյանը հենց նման հանձնումն ընտրեց, ինչն ավարտվեց Ղարաբաղի ամբողջական կապիտուլյացիայով, Ադրբեջանի ամբողջական վերահսկողության հաստատմամբ և Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային արտագաղթով։

Փաշինյանի որոշումը տեղավորվում էր նրա որդեգրած նոր դարակազմիկ նախագծի շրջանակներում։ Այդ նախագիծը, որն այս հոդվածը գրելու պահին տակավին իրագործման փուլում է, ենթադրում է Հայաստանի դուրսբերում Ռուսաստանի ռազմավարական ուղեծրից և երկրի վերակողմնորոշում դեպի Արևմուտք։ Ղարաբաղի հարցի ամբողջական և վերջնական լուծումը ենթադրաբար հեշտացնելու էր նման վերակողմնորոշումը, քանի որ նվազեցնելու էր հայերի կախվածությունը Ռուսաստանից որպես Ղարաբաղի պաշտպանների ու խլելու էր ռուսների ձեռքից` դա որպես Հայաստանի վրա ճնշում  գործադրելու միջոց։ Համենայն դեպս, սա էր Փաշինյանի թիմի դիրքորոշումը։ Փաշինյանն այդ մասին թափանցիկորեն ակնարկեց վերջերս տրված մի հարցազրույցում,[11] իսկ նրա թիմի բարձրաստիճան անդամներից մեկը մի այլ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի իրական անկախության օրը 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ը պետք է համարվի, այսինքն` Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու օրը։[12] Ինչ վերաբերում է ռուսներին, նրանք մեղադրեցին Հայաստանի կառավարությանն այդ որոշումն իրենց թիկունքում կայացնելու և իրենց փաստի առաջ կանգնեցնելու հսմսր։[13] Պետք է նշել, որ Փաշինյանը Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի անվերապահ սուվերենության մասին հայտարարությունն արեց Ալիևի հետ բանակցությունների հերթական ռաունդի ժամանակ, որոնք տեղի էին ունենում Բրյուսելի հովանավորությամբ։

Խնդիրը միայն այդ որոշումը չէր։ Հայ-ռուսական հարաբերությունները զգալիորեն վատացան հատկապես Ուկրաինայում հակամարտության էսկալացիայից հետո։ Մի կողմից Ռուսաստանը խուսափում էր Ադրբեջանի որոշ գործողություններին, ներառյալ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններին հակազդելուց, քանի որ նրա էներգիան ու ռեսուրսները կենտրոնացած էին Ուկրաինայի վրա, և, հետևաբար, նոր ճգնաժամերն այլուր խիստ անցանկալի էին։ Դա հատկապես լուրջ մտահոգություն էր, քանի որ խիստ արձագանքն Ադրբեջանի գործողություններին կարող էր վտանգել ուկրաինական հակամարտության հարցում Թուրքիայի խիստ արժեքավոր չեզոքությունը։ Միաժամանակ, Փաշինյանի կառավարությունն ըստ ամենայնի հաշվարկել էր, որ Ռուսաստանի հեռանկարներն Ուկրաինայում շատ մռայլ էին, ինչը միաժամանակ կասկածի տակ էր դնում Ռուսաստանի հուսալիությունը որպես դաշնակցի, և հնարավորության պատուհան էր ստեղծում դեպի Արևմուտք շրջադարձ կատարելու համար։ Այս տրամաբանությունը դրսևորովում էր հայ-ադրբեջանական բանակցություններում Արևմուտքին որպես միջնորդ ու հովանավոր ներգրավելու ակտիվ փորձերում, և դա այն դեպքում, երբ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները վերածվել էին բացահայտ հակամարտության, ինչը նշանակում էր, որ Ռուսաստանը նման քայլերը դիտարկելու էր որպես հրավեր Արևմուտքին ներկայություն հաստատելու իր համար ռազմավարական կարևորություն ունեցող կովկասյան տարածաշրջանում։ Փաշինյանը փորձում էր խուսափել Ադրբեջանին դեպի Նախիջևան հաղորդակցության ուղի տրամադրելու իր իսկ ստանձնած հանձնառության իրագործումից, ինչն արձանագրված էր զինադադարի փաստաթղթում, և ինչը ենթադրում էր ռուսական զինուժի տեղակայում` դրա անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ինչպես արդեն նշել եմ վերևում, Փաշինյանի կառավարությանը հարող լրատվամիջոցները, վերլուծաբանները, բլոգերներն ու ակտիվիստները հրանոթների լռելուց շատ չանցած արշավ սկսեցին Ռուսաստանի դեմ` մեղադրելով վերջինիս թե՛ պատերազմի, թե՛ դրա արդյունքի համար։ Մեղադրանքներն ուղեկցվում էին անդադար կոչերով խզել կապերը Ռուսաստանի հետ և ռազմավարական գործընկերության հայցով դիմել Արևմուտքին։ Հարաբերությունները խաթարվել են այն աստիճան, որ Հայաստանն ու Ռուսաստանը պաշտոնական մակարդակով սկսել են միմյանց մեղադրել ոչ բարեկամական վարքագծի մեջ,[14] Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն սկսել են անձնական վիրավորանքներ փոխանակել,[15] Հայաստանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի հերթական գագաթաժողովի եզրափակիչ հայտարարությունը[16] և մերժել հյուրընկալել այդ դաշինքի նախատեսած զորավարժությունները։[17] Բանն այնտեղ է հասել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մեղադրում է Հայաստանի կառավարությանը` Ռուսաստանի հետ հարաբերությունները միտումնավոր կերպով փչացնելու համար և պահանջում կողմնորոշվել այդ հարաբերությունների ու Արևմուտքում բարեկամներ փնտրելու միջև, ինչը լուրջ հետևանքների թաքնված սպառնալիք է պարունակում։[18]

Կարելի է պնդել, իհարկե, որ Հայաստանի գոնե որոշ դժգոհություններ արդարացված են, և այդ պնդումն անհիմն չի լինի։ Խնդիրն այն է, սակայն, որ այդ պնդումը շփոթում է արտաքին քաղաքականությունը էթիկայի սեմինարի հետ։ Հայաստանի վիճակում գտնվող երկիրը չի կարող իրեն թույլ տալ նման դժգոհություններից ելնելով արտաքին քաղաքականություն կառուցելու և եղած անվտանգության համակարգից հրաժարվելու շքեղությունը` շահելով մի մեծ տերության թշնամանքը, այն էլ առանց այլընտրանքներ ունենալու։ Իսկ այլընտրանքներ պարզապես գոյություն չունեն։ Ինչպես Դավիդ Իգնատիուսն էր գրել Վաշինգտոն Պոստում Ղարաբաղի հայերի տեղահանումից հետո. «Հայաստանը ճիշտ պահը չէր ընտրել դեպի Արևմուտք իր շրջադարձի համար։ Նրանք հեռու վանեցին Ռուսաստանին առանց Արևմուտքից հուսալի աջակցություն ունենալու։ Մեկուսացված ու խոցելի հայերը, հատկապես Ղարաբաղի հայերը, դրսից փրկություն էին սպասում, ինչն այդպես էլ չեկավ»։[19] Մի քանի օր անց Նյու Յորք Թայմսում Հայաստանի մասին մի հոդված լույս տեսավ հետևյալ ենթավերնագրով. «Կովկասյան երկիրը փափագում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից և վերջինիս փոխարինել ավելի հուսալի Արևմտյան դաշնակցով, բայց Արևմտյան երկրները բարոյական աջակցությունից ավելի ոչինչ չեն առաջարկում»։[20]

Ամփոփում

Այս ուսումնասիրությունը կառուցված է այն պնդման վրա, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմը հետևանքն էր երկու հիմնական և կապակցված գործոնների` հեղափոխության, որն իշխանության էր բերել խելահեղ իղձերի հետևից ընկած մարդկանց և երկրում ձևավորված որոշակի քաղաքական ու մտավորական էկոլոգիայի, որը նորմալացրել էր նման իղձերի վրա կառուցված դիվանագիտությունը։

Այս իրադարձությունն արժանի է հատուկ ուշադրության, որովհետև դուրս է պատերազմների պատճառները բացատրող մի քանի հեղինակավոր տեսությունների կանխատեսումների ծիրից։ Այսպես` տեսությունը, որը պատերազմները նկարագրում է որպես սակարկության ձախողում ուժերի հարաբերակցության ու շահերի ինտենսիվության մասին ոչ ամբողջական ինֆորմացիայի կամ ստանձնած հանձնառություններն արժանահավատ դարձնելու անհնարինության հետևանքով, դժվարություն ունի այս իրադարձությունը բացատրելու։ Այս իրադարձությունը դժվարություն ունի բացատրելու նաև «ուշադրության շեղման» տեսությունը։ Սրանք բնագավառի ամենածանրաբեռնված տեսություններն են` կոչված բացատրելու այն պատերազմները, երբ պարտված կողմի բանակցային վարքագիծն անհամատեղելի է ուժերի հարաբերակցության ու դիվանագիտական միջավայրի հետ։ Սա մի պատերազմ էր, որտեղ պարզապես չէին կարող փաստերի վրա հիմնված տարաձայնություններ լինել ուժերի հարաբերակցության ու դիվանագիտական միջավայրի վերաբերյալ։ Հանձնառություններն արժանահավատ դարձնելու դժվարությունները կամ «ուշադրությունը շեղելու» շարժառիթները նույնպես համոզիչ բացատրություններ չեն կարող լինել այս դեպքում։

Նման անոմալիաները հետաքրքիր են, որովհետև հաճախ պատուհան են բացում դեպի նոր տեսություններ ու բացատրություններ կամ հնարավորություն են տալիս նոր շունչ հաղորդելու տեսությունների, որոնք կամ անտեսվել կամ չափից ավելի արագ մերժվել են անցյալում։ Սույն աշխատությունը հենց այդպիսի փորձ է։ Դրանում քննության առնված իրադարձությունն առիթ է վերստին ուշադրության արժանացնելու «հեղափոխական կերպարի» տեսությունը։ Այդ փորձը հնարավորություն է տվել նկարագրելու հեղափոխությունները որպես նեգատիվ սելեկցիայի մեխանիզմներ, որոնք առավելություն են տալիս արմատական, կոնֆլիկտային, բարձր ռիսկայնության հակված մարդկանց, որոնք նաև իրենց իղձերի պատանդն են ու կարծում են, որ նյութական իրականությունը կարող են հեշտությամբ հարմարեցնել իրենց կամքին։ Երբ հեղափոխությունները պսակվում են հաջողությամբ, որոշումներ կայացնողներն այս նկարագիրն ունեցող մարդիկ են լինում, ինչը կրկնակի վտանգավոր է, քանի որ այդ որոշումները կայացվում են ադեկվատ հակակշիռների բացակայության պայմաններում։ Հեղափոխության հաջողությունը մեծացնում է վտանգները ևս մեկ պատճառով. յուղ է լցնում շատ ու շատ հեղափոխական ղեկավարների` սեփական ամենագիտության ու ամենակարողության զգացողության կրակին։

Այս հատկանիշները բնորոշում են 2018 թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության եկած կառավարությանը և բացատրում նրանց այլապես անբացատրելի որոշումները, որոնք հանգեցրին 2020 թ.-ի պատերազմին։ Իրականում, ինչպես ես վերևում փորձել եմ ցույց տալ, նույնիսկ այդ աղետը ցանկալի սթափեցնող ազդեցությունը չունեցավ նրանց վրա։ Նրանք շարունակեցին արկածախնդրական արտաքին քաղաքականություն վարել` հիմա էլ նպատակ ունենալով դուրս գալ գոյություն ունեցող անվտանգության համակարգից առանց այդ համակարգը որևէ այլընտրանքով փոխարինելու լուրջ հեռանկարի, և դա այն դեպքում, երբ երկիրը չլուծված հակամարտություններ ունի, որոնց առանց արտաքին աջակցության դիմակայել չի կարող։ Ավելացնենք վերջապես, որ այդ քաղաքականությունը կարող է հարուցել ցասումը մի մեծ տերության, որի դեմ Հայաստանը պարզապես անպաշտպան է։

Արդյո՞ք սա զուտ Հայաստանը նկարագրող անոմալիա է։ Քանի որ սույն աշխատության ուշադրության առարկան Հայաստանն է, այդ հարցին դժվար է առանց վերապահումների պատասխանելը։ Այնուամենայնիվ, ծանրակշիռ պատճառներ կան մտածելու, որ այստեղ նկարագրվածն ընդհանրացման ենթակա է։ Նույն հետխորհրդային տարածքում, որտեղ գտնվում է Հայաստանը, կան դեպքեր, որոնք նույնպես կարող են որպես օրինակներ ծառայել այստեղ առաջ քաշված տեսության օգտին, ինչպես օրինակ` Վրաստանը Գամսախուրդիայի ու Սաակաշվիլիի իշխանության, Ադրբեջանն` Էլչիբեյի իշխանության և հավանաբար նաև` Ուկրաինան Զելենսկու իշխանության տարիներին։ Սրանք բոլորը դեպքեր էին, երբ կառավարութուններն իշխանության էին եկել հեղափոխական իրադարձությունների շնորհիվ։ Բերված օրինակներից յուրաքանչյուրի դեպքում, կառավարությունը որդեգրեց չափազանց մեծ ռիսկեր պարունակող քաղաքական կուրս և չափազանց անհաղորդ էր բացասական ազդակների նկատմամբ։ Նրանք բոլորն իրենց երկրները գլորեցին կործանարար պատերազմների անդունդը։ Հետագա ուսումնասիրությունները պետք է այս դեպքերն ավելի համակարգված քննության ենթարկեն։

Հետագա ուսումնասիրությունները պետք է քննության ենթարկեն նաև ոչ բոլոր հեղափոխական կառավարությունների հավասարապես արկածախնդրիր լինելու փաստը։ Որոշ տարբերություններ այդ կառավարությունների միջև հավանաբար համակարգային չեն։ Օրինակ`նույն հեղափոխական կառավարության մեջ Տրոցկին դեմ էր Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն ստորագրելուն, իսկ Լենինը` կողմ։ Որոշ տարբերություններ, սակայն, կարող են համակարգային լինել։ Այսպես`եթե հեղափոխական կառավարությունն իշխանության է գալիս այնպես, ինչպես բոլշևիկները, նրա համար արկածախնդրությունների հնարավորությունները կարող են շատ սահմանափակ լինել։ Բոլշևիկներն իշխանության գալուց հետո չորս տարի զբաղված էին իրենց իշխանությունը կոնսոլիդացնելով և քաղաքացիական պատերազմ մղելով։ Սակայն, երբ հեղափոխությունները հաջողության են հասնում այնպիսի վճռական ու արագ արդյունքով, ինչպիսին Հայաստանի հեղափոխության դեպքն էր, արկածախնդիր արտաքին քաղաքականության համար հնարավորություններն ավելի մեծ են։ Եվս մեկ փոփոխական, որ կարող է փոխազդել հեղափոխականների անխոհեմության աստիճանի հետ, հեղափոխական ռեժիմի անձնավորվածության աստիճանն է։ Մասնավորապես, ռեժիմները, որոնք նույնականացված են որևէ խարիզմատիկ առաջնորդի հետ, կարող են ավելի հակված լինել անխոհեմ վարքագծի, քան ռեժիմները, որոնք կոլեկտիվ ղեկավարություն ունեն։ Վերջապես, հետաքրքիր հարց է, թե արդյո՞ք այստեղ քննարկված վարքագիծը հատկապես հատկանշական է խորհրդային անցյալ ունեցող երկրների համար, և եթե` այո, հատկապես ո՞ր գործոններն են դրան նպաստում։ Թերևս, կարող ենք նշել այլ գործոններ ևս, որոնք ներազդում են «հեղափոխական կերպարի» տրամաբանության վրա։ Բայց այս համառոտ ցուցակն արդեն բավարար է տեսնելու համար, որ տակավին հարցեր կան հեղափոխությունների մասին, որոնց պատասխանները մենք չունենք, բայց կուզենայինք ունենալ։


[1] «2018-ի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, 1 ելք կար` տարածքների անվերապահ հանձնում, նշում է Փաշինյանը», Ազատություն, 29 նոյեմբերի, 2020. https://www.azatutyun.am/a/30974472.html; «Մեղավոր եմ, որ հողերը չեմ հանձնել, ուզում եմ խոստովանել` այո, մեղավոր եմ դրա մեջ». https://www.youtube.com/watch?v=Z7uZ1KPOFRA; «Հարցազրույց Լենա Նազարյանի հետ». https://www.youtube.com/watch?v=mpmQehzA4AQ։

[2] Տե՛ս, օրինակ, Георгий Дерлугян, “Мировая Война Местного Значения,” в Руслан Пухов ред., Буря на Кавказе (Москва, Цетр Анализа Стратегий и Технологий, 2021), стр. 8-24; «Ռուսաստանը դավաճանել է մեզ, պետք է պոկվել։ Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ». https://www.youtube.com/watch?v=JSjMONTRokU; Հրանտ Տեր-Աբրահամյան, «Նենգ քարոզչական հնարք է, թե խաղաղությունը հայ ժողովրդից էր կախված». https://www.youtube.com/watch?v=5efkPhONvWg&t=2s։

[3] Արմեն Միրզոյան, «Հայաստանի իշխանությունները չեն համաձայնել պահել Քելբաջարը, Լաչինն ու Ղարաբաղը մյուս տարածքները վերադարձնելու դիմաց», Հետք, 12 սեպտեմբերի, 2023. https://hetq.am/hy/article/159959?fbclid=IwAR37G3SYPe88QBsX5BkCqPT1gmbGWOvczUToXflSzCYmXgJaVoXV1HrIB6I։

[4] Քրիստինե Խանումյան, «Ռուսաստանի նախագահի հայտարարության հետքերով. ռուսական կարմիր գծերը», Իլուր, 15 նոյեմբերի, 2022. https://www.ilur.am/ռդ-նախագահի-հայտարարության-հետքերով/։

[5] «Դավաճանների իշխանությունը դուք եք եղել, որ բանակն ու երկիրը թալանել եք». https://araratnews.am/show/45234 ; «Փաշինյանի հակասական հայտարարությունները բանակի ու սպառազինության մասին». https://www.youtube.com/watch?v=YNG3jLKUGvM։

[6] «Մենք 44-օրյային ունեցել ենք 11000 դասալիք. Աննա Հակոբյան», Tert.am, 1 ապրիլի, 2023. https://www.tert.am/am/news/2023/04/01/anna-hakobyann/3916895։

[7] «Պատերազմում պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն. Նիկոլ Փաշինյան». https://www.youtube.com/watch?v=slEpyyIg_YQ։

[8] “Российский военный эксперт подробно разобрал итоги войны в Карабахе,” Sputnik Armenia, 14 июня, 2021. https://am.sputniknews.ru/20210614/Rossiyskiy-voennyy-ekspert-podrobno-razobral-itogi-voyny-v-Karabakhe-27917313.html.

[9] Walt, Revolution and War, p. 5.

[10] Ibid., pp. 10-12.

[11] «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին». https://www.primeminister.am/hy/interviews-and-press-conferences/item/2023/12/19/Nikol-Pashinyan-InterviewPetrosGhazaryan/?fbclid=IwAR1N_aS1GLwvcX2KJz3XanGDawGnOhZKVTw06aCP4EJ7GLZ860y0E4FbHAc։

[12] «Անկախության հռչակագիրը կարծես ՀՀ-ի մասին չլինի, այլ ստեղծում ենք  ԼՂ-ի միացումը սպասարկող պետություն». https://www.youtube.com/watch?v=YaH46oNaaXc։

[13] “Путин заявил, что Армения сама признала Карабах частью Азербайджана,” ТАСС, 5  октября, 2023. https://tass.ru/politika/18921533?fbclid=IwAR0daaOU1TRBpnqFhXez9DRS_Vqsu_DjcdcyRdlVbZ-UN9OnCLTwdWTEaz0.

[14] “Заявление МИД России в связи с ситуацией вокруг Нагорного Карабаха,” Министерство Иностранных Дел РФ, 20 сентября, 2023. https://mid.ru/ru/foreign_policy/news/1905169/. Ի թիվս այլ բաների, Փաշինյանն այս հայտարարության մեջ մեղադրվում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի անվերապահ սուվերենությունը ճանաչելու և Ղարաբաղում ստատուս քվոն պահելը Ռուսաստանի համար անհնար դարձնելու մեջ։

[15] “Maria Zakharova Reacts to Alen Simonyan’s Remarks about Her and Criticizes the Armenian Media

Criticizing Russia,” Caucasus Watch, September 8, 2023. https://caucasuswatch.de/en/news/maria-

zakharova-reacts-to-alen-simonyans-remarks-about-her-and-complains-about-armenian-media-criticizing-

russia.html.

[16] Pashinyan Refuses to Sign CSTO Document on Joint Assistance Measures for Armenia,” Interfax,

November 23, 2022. https://interfax.com/newsroom/top-stories/85309/.

[17] Joshua Kucera, “Armania Refuses to Host CSTO Exercises,” Eurasianet, January 10, 2023. https://eurasianet.

org/armenia-refuses-to-host-csto-exercises.

[18] «Նիկոլ Վովաևիչը մերժել է կանգնեցնել պատերազմը, երբ դեռ Շուշին ադրբեջանցիները չէին գրավել». https://www.youtube.com/watch?v=O4h4DaY2oLU։

[19] David Ignatius, “Azerbaijan Waited for Its Opening in Nagorno-Karabakh. This Week It Found It,” The

Washington Post, September 22, 2023.

[20] “Armenia Cast Adrift in a Tough Neighborhood,” The New York Times, September 28, 2023.

Նախորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը