‘«Բարսելոնան» սայթաքեց, «Ռեալը»` հաղթեց. Տեսանյութ’

1252

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում առաջատարները` «Բարսելոնան» եւ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից առաջ երկրորդ կազմերով արտագնա հանդիպումներ անցկացրեցին:

«Բարսելոնան» «Բավարիայից» ջախջախիչ պարտությունից հետո Բիլբաո էր ժամանել վատ տրամադրությամբ, որն էլ արտացոլվեց նրան խաղում: Գրեթե ոչինչ չէր ստացվում կատալոնացիների մոտ: Մինչդեռ «Ատլետիկը» Սուսաետայի շնորհիվ առաջին խաղակեսից հետո հաղթում էր 1:0 հաշվով, թեպետ առանձնապես տանտերերն էլ ինչ-որ առանձնահատուկ ֆուտբոլ չէին ցուցադրում: «Բարսելոնայի» խաղը կտրուկ կերպարանափոխվեց, երբ 60-րդ րոպեին խաղադաշտ մտավ Լիոնել Մեսին: Մտավ, որպեսզի ընդամենը 8 րոպե անց ֆանտաստիկ գեղեցկության գոլ խփի, որը անկասկած, այս մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը կլինի: Եվս երկու րոպե անց Մեսին արդեն գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ աչքի ընկավ Ալեքսիս Սանչիսը:

Թվում էր, թե «Բարսելոնան» կպահպանի հաղթական հաշիվը, սակայն վերջին րոպեին բասկերի գրոհը ավարտվեց Հերերայի դիպուկ հարվածով եւ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:

Անմիջապես այս խաղից հետո սկսվեց մադրիդյան դերբին. «Ատլետիկո»-«Ռեալ»: «Ատլետիկոյի» համար սա հաղթանակի հասնելու հիանալի հնարավորություն էր. «Ռեալը» ամենահնարավոր երկրորդ կազմով էր խաղում ու Դիեգո Սիմեոնեի սաները վերջապես կարող էին 1999թ. ի վեր առաջին հաղթանակը տանել «արքայական» ակումբի նկատմամբ եւ միավորներով էլ հավասարվել առաջնությունում:

Ամեն ինչ շատ լավ սկսվեց «Ատլետիկոյի» համար. արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի լավագույն ռմբարկու Ռադամել Ֆալկաոն: Սա նրա 26-րդ գոլն էր առաջնությունում: Սակայն հետագայում ոչ այնքան հետաքրքիր այս մրցավեճում «Ռեալը» կարողացավ նվազագույն գոլային պահեր ստեղծելով` երկու անգամ աչքի ընկնել եւ հաղթանակ տանել 2:1 հաշվով: Սա նշանակում է, որ «Բարսելոնայի» վաղաժամկետ չեմպիոնության հարցը հետաձգվում է եւս մեկ տուրով, իսկ 2-րդ տեղի հարցն ըստ էության «Ռեալը» լուծեց:

Առաջնությունից 5 տուր առաջ «Բարսան» ունի 85 միավոր, «Ռեալը»` 74, իսկ «Ատլետիկոն»` 68:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր 

«Աթլետիկ» — «Բարսելոնա»՝ 1:2

Մարկել Սուսաետո, 27, Անդեր Հերերա, 90 – Լիոնել Մեսի, 67, Ալեքսիս Սանչես, 69

«Աթլետիկո» — «Ռեալ»՝ 1:2

Ռադամել Ֆալկաո, 4 – Խուանֆրան, 14 (ինքնագոլ), Անխել Դի Մարիա, 63

Նախորդ հոդվածը‘Ոստիկաններն արդեն հարսանիք են սպասարկում’
Հաջորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշենկոն կարող է այսօր ազատ արձակվել’