‘ՀՅԴ-ին Ավանում դիմավորեց Տարոն Մարգարյանը, «Բարև Երևան»-ի քարոզարշավն էլ խոչընդոտեցին ՀՀԿ-ականները (տեսանյութեր)’

1641

Երևանի Ավան վարչական շրջանում այսօր քայլերթով և մարդկանց նախընտրական բուկլետներ բաժանելով քարոզարշավ էին իրականացնում Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները։ Այդ ընթացքում նրանք պատահաբար հանդիպեցին գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին, ով իր մեքենայով շրջում էր այդ տարածքում։  Այս մասին հաղորդում է tert.am-ը։

ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը կարճատև զրույց ունեցան քաղաքապետի հետ։ Վերջինս հարցրեց նրանց որպիսությունը և հաջողություն մաղթեց նրանց։ «Էս իմ ամեն օրվա աշխատանքն ա, Արծվիկ ջան»,- ասաց նա և հրաժեշտ տվեց դաշնակցականներին:

Իր հերթին Արծվիկ Մինասյանը փոխադարձ հաջողություններ և ազատ ու արդար ընտրություններ մաղթեց Տարոն Մարգարյանին։

Tert.am նաև գրում է, որ «Բարև Երևան» դաշինքի՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն այսօր Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում էր, որտեղ դաշինքի անդամների ելույթները սկսվելուն պես վարչական շրջանը հոսանքազրկվեց:

Ոստիկանների և դաշինքի անդամների միջև վեճ տեղի ունցավ, քանի որ, ինչպես դաշինքի անդամներն են պնդում, էլեկտրականությունն անջատել են «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, որոնց ոստիկանները ոչ մի կերպ չեն խոչընդոտել։ Ըստ «Բարև Երևան» դաշինքի անդամների՝ ՀՀԿ-ականները նախ հոսանքի լարն են կտրել, հետո նաև հոսանքազրկել են հարակից շենքը, երբ հանդիպման կազմակերպիչները փորձել են այդ շենքի հոսանքից օգտվել: Վեճին մասնակցում էր նաև Արմեն Մարտիրոսյանի հայրը, ով հորդորում էր ոստիկաններին թույլ չտալ նման բաներ անել։

 Դաշինքի քարոզարշավին այսօր մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հասցրեց ելույթ ունենալ բարձրախոսով: Նրանից հետո ելույթ ունեցավ դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ում ելույթից հետո մասնակիցները ստիպված եղան խոսել այլընտրանքային խոսափողով։

Միջադեպից հետո հրապարակ եկավ վարչական շրջանի էլեկտրականության մատակարարման պատասխանատուն և ասաց, որ իրեն անհայտ պատճառով անջատվել էր հոսանքը և ինքն արդեն միացրել է:

Իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ էլեկտրականությունն անջատել են, որովհետև չեն ուզում ապստամբության ձայնը լսել։

Նախորդ հոդվածը‘Հաղարծնի վանահայր. Այրված ընկուզենին կապրի’
Հաջորդ հոդվածը‘Նոր բունտ է հասունանում` այս անգամ «Փեթակում». Աշխատակիցների բաց նամակը’