‘«Մարտի մեկի» հանձնաժողովի հարցը հետաձգվեց հաջորդ քառօրյա’

1211

Այսօր խորհրդարանական քառօրյան մեկնարկեց նախորդ քառօրյայում կիսատ մնացած «Մարտի մեկի» նոր հանձնաժողով ստեղծելու նախագծի շուրջ քննարկումներով: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարեվերջին իշխող մեծամասնության և Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության միջև համաձայնություն ձեռք բերվեց՝ նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ձևավորելու մասին: Հանձնաժողովի քննության առարկան, ըստ նախագծի, պետք է դառնա Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին և զինծառայողներին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է լինելու նաև պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները: aravot.am-ի փոխանցմամբ, անցած քառօրյայում այս նախագիծը հանդիպեց ՀՀԿ-ականների դիմադրությանը: ՀՀԿ-ն թեև հանձնաժողովում միաձայն «կողմ» քվեարկեց հանձնաժողովի ստեղծմանը, խորհրդարանի դահլիճում նախապայմաններ առաջարկեց, մասնավորաբար՝ դատախազներին և քննիչներին հանձնաժողով հրավիրելու անհավանականության մասին:

Իր ելույթում նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը հակադարձելով ՀՀԿ-ականների այս դիտարկումներին՝ ասաց, որ բոլոր հնարավորությունները կան`իրավապահներին հանձնաժողով հրավիրելու և նրանցից ստանալու բոլոր հուզող հարցերի պատասխանները: Մնացած`խմբագրական բնույթի առաջարկներին, նախագծի հեղինակները համաձայնեցին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք առավոտյան հանդիպում են ունեցել ՀԱԿ խմբակցության իրենց գործընկերների հետ և համաձայնության են եկել` նախագծի որ տարբերակին ՀԱԿ-ը կողմ լինի, նաև ԲՀԿ-ն կողմ կքվեարկի:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ թյուր է այն կարծիքը, թե ՀՀԿ-ն չի ցանկանում, որ այս նախագիծն անցնի. «Ներկայացված օրինագիծը բավականին լուրջ քննարկումների փուլ է անցել: Շատ բարեկիրթ ձևով մեր մոտեցումները ներկայացրեց Տաճատ Վարդապետյանը: Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք: Որոշ հարցեր կան: Կարծում եմ, դեռ քննարկման կարիք ունենք, մինչև այն բոլորի կողմից ընդունելի լինի» Սահակյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել հաջորդ քառօրյա, որպեսզի «կարողանանք վերջնական տարբերակ ունենալ»: Առաջարկը ՀԱԿ-ի կողմից ընդունվեց:

Նախորդ հոդվածը‘Ալյոխինի հուշամրցաշար. Վիտյուգով-Արոնյան` Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի ասուլիսը՝ ուղիղ’