‘Հյուսիսային պողոտայում նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, որի հետ կապված՝ լուրջ մտահոգություններ և խնդիրներ ունեն տեղի բնակիչները’

1674

Ինչպես ավելի վաղ հայտնել էր iLur.am-ը, քաղաքապետարանը որոշել է Հյուսիսային պողոտայի ստորգետնյա կայանատեղին վերածել առեւտրի կենտրոնի, իսկ ներդրումը կատարում  է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը՝ «Տաշիրի Սամոն»:

Այսօր արդեն այս խնդրին անդրադարձել է նաև «Հայկական ժամանակը»: Երեկ Հյուսիսային պողոտայի թիվ 8 և թիվ 10 շենքերի բնակիչներից ահազանգ ստացանք, որ քաղաքապետարանը որոշել է ստորգետնյա ավտոկայանատեղիի մի հատվածը տրամադրել մի ընկերության՝ խանութներ կառուցելու նպատակով։ Բնակիչները դեմ են՝ մատնանշելով մի շարք ռիսկեր։ Այն հատվածը, որ պատրաստվում է վերածվել «բուտիկների», մասն է հանրային կայանատեղիի, որի հարևանությամբ էլ գտնվում է այդ երկու շենքերի՝ մոտ 100 բնակիչների սեփականություն հանդիսացող ավտոհանգրվանը։ Նախնական որոշում կա, որ բնակիչների համար մեկ մեքենայի լայնությունը պահպանվի՝ ավտոկայանատեղի ելումուտ անելու համար, իսկ մնացած՝ ավելի մեծ հատվածը, բաժանվի պատով։ Որ այդտեղ շինարարություն է պատրաստվում, վկայում է ոչ միայն ավազե կույտը, այլև պողոտայի վերգետնյա մասից կայանատեղիների մուտքը փակող մետաղյա թիթեղները։

Թիվ 8 շենքի կառավարիչ Դավիթ Բալասանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գետնի տակ նույնիսկ հակահրդեհային անվտանգության համակարգ չկա, առաստաղը ցածր է, խանութների համար չհարմարեցված։ Ըստ Բալասանյանի՝ բնակիչների շահը տուժում է՝ հօգուտ գործարարի։ Նա մատնանշեց, որ Երևանի կենտրոնն առանց այդ էլ ծանրաբեռնված է, ավտոհանգրվաններ գոյություն չունեն։ «էս շենքում ապրում են մարդիկ, որ տարեկան մոտ մեկ միլիոն գույքահարկ են վճարում յուրաքանչյուրը։ Բայց նրանց իրավունքը ոտնահարվում է»,–ասաց թիվ 8 շենքի կառավարիչը։ Շենքի բնակիչներից՝ սփյուռքահայ Վարուժան Գունդակչյանը, ով նաև շենքը կառուցողն է, այսինքն՝ նա է ձեռք բերել կառուցապատման իրավունքը և կառուցել այն, ասաց հետևյալը. «Ասիկա շինված է մասնավոր գարաժի համար։ Չի կրնար ուրիշ բանի համար գործածվիլ։ Ով կուզես, թող ըլլա։ Վաղը, եթե պատահի՝ խանութները չաշխատին, կրնան ռեստորան ընել, կրնա զուգարան ընել, կրնա աղջիկ բերել։ Իրավու՞նք ունի այսինքն։ Ասիկա այնքան ցածր է, որ հոս ոչ օդափոխություն կա, ոչ բան։ Փախուստի ճամփա չկա։ Աստված չընե, եթե բան մը ըլլա, ժողովուրդը ոչխարի պես պիտի զոհվի՞ հոս։ Երկրորդ. Հյուսիսային պողոտայի մեկ ծայրեն մյուսը մոտավորապես 6000 բնակչություն և մարդ է գալիս, որովհետև 6 ռեստորան կա, փարքինգի պետք կա։ Փոխանակ իրենք քաջալերեն, որ նման մի քանի փարքինգ էլ բացվի, ճիշտ հակառակն են անում։ Ամոթ է իրենց համար։ Ո՞վ է քաղաքապետը։ Քաղաքապետին ընտրած եմ, որ ինձի ծառայի՞, թե՞ ես իրեն ծառայեմ։ Ինձի առանց հարցնելու եկած է, գծագրություն ըրած է, դեր կփոխի կոր։ Ասանք օրե՞նք կա ստե»։ Այս զրույցներից հետո տարօրինակ զուգադիպությամբ պողոտայում հանդիպեցի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին։ Նա ասաց, որ խնդրին տեղյակ է, սակայն պնդեց, թե իբր բնակիչները դժգոհություն չունեն։ «Չկա բնակիչների հետ որեփցե պրոբլեմ, չի կարող լինել»,–ասաց Սարգսյանը։ Հետաքրքրվեցինք, թե գլխավոր ճարտարապետը ինչ ռիսկեր է տեսնում պրոեկտի իրականացման դեպքում։ Պարզվեց, որ, ինչպես վերը նշեցինք, չնայած նախապատրաստական աշխատանքներն արված են, Երևանի գլխավոր ճարտարապետը ռիսկերը չի հաշվարկել։ «Մենք քննարկում ենք, հիմա չեմ կարող դրան պատասխանել։ Ձեր ասած բոլոր հարցերը՝ և էվակուացիոն մուտքերը, ելքերը, բարձրությունները, հնարավոր բեռնվածությունը քաղաքի վրա… բայց նկատի ունենանք, որ խնդիրը քննարկվում է նաև վերգետնյա այս հատվածի՝ հետիոտն հատվածի հետ համատեղ։ Եթե նման ծրագիր իրականացվի, ամբողջ վերգետնյա հատվածը ևս պետք է սալապատվի, կանաչ տարածքները, ինչ որ կա, պետք է ավելանա, լուսավորության հենասյուները փոխվեն»։ Ինչպե՞ս է, որ մնացած ռիսկերը հաշվի չեք առել, նո՞ր պետք է ուսումնասիրեք՝ մեր այս հարցին Սարգսյանը «բովանդակալից» պատասխան տվեց. «Էդ ձեր ասածն է քննարկվում»։ Նա հրաժարվեց հայտնել շինարարություն իրականացնող ընկերության անունը՝ «հիմա պատրաստ չէ» ասելով։ Նարեկ Սարգսյանը նստեց մեքենան և մեկնեց «շառուփորձանքից» հեռու։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղին խանութ դարձնելու իրավունքը տրվել է «Տաշիր» գրուպի սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանին (Տաշիրի Սամո)։ Շինարարությունը պետք է կատարի «Դալմաշին» ՍՊԸ-ն։

Նախորդ հոդվածը‘Այսօր Մադրիդի «Ռեալի» լեգենդը ամուսնանում է իր 36-ամյա քարտուղարուհու հետ’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի ղեկավարը հայտարարել է, թե իրեն ուզում է սպանել Կոլումբիայի նախկին նախագահը’