‘
Tert.am-ը հաղորդում է, որ այսօր մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Հայ անվանի դերասանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։
1991թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։
‘