‘Կիեւ. Ավարտվել է Յանուկովիչ-ընդդիմություն հանդիպումը ‘

1384

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները քիչ առաջ լքել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրը, որտեղ տեղի էր ունենում ընդդիմադիրների հանդիպումը քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցով աշխատանքային խմբի անդամների հետ՝ ԱԱՊԾ քարտուղար Անդրեյ Կլյուեւի գլխավորությամբ: Հաղորդում է Интерфакс-Украина-ն:

«Ուդար»-ի նախագահ Վիտալի Կլիչկոն եւ «Բատկիվշինիայի» ղեկավար Արսենի Յացենյուկը՝ դուրս գալով նստավայրից, հրաժարվել են զրուցել լրագրողների հետ՝ իմիջիայլոց նշելով, որ ողջ ինֆորմացիան ներկայացնելու են երեկոյան ժողովրդական «Վեչե»-ի (հավաքի, որը տեղի է ունենում Մայդանում) ժամանակ: Նշենք, որ Յանուկովիչի, աշխատանքային խմբի անդամների եւ ընդդիմադիրների հանդիպումը տեւել է ավելի քան երեք ժամ:

Հիշեցնենք, որ այսօր՝ բախումների թեժացումից հետո, երբ հայտնի դարձավ երեք ակտիվիստների մահվան մասին, (որոնցից մեկի մահը հաստատվել է ընդդիմության, բայց հերքվել է բժիշկների կողմից) Յանուկովիչը կոչ է արել բանակցություններ սկսել՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Ու չնայած նրան, որ զոհերից երկուսի մահվան պատճառ է հանդիսացել հրազենային վնասվածքը, Յանուկովիչը հայտարարել է, թե ինքը դեմ է արյունահեղությանը, ուժի կիրառմանն ու բռնությանը: Նշենք, որ ԶԼՄ-ները այսօր հաղորդել են, որ վերջին երեք օրերի ընթացքում՝ բախումների արդյունքում հարյուրավոր վիրավորներ կան: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում Հանրապետական պատգամավորներին վրդովվեց փոխնախարարհի պահվածքը. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Հնարավոր է, որ փետրվարին տեղի կունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը’