‘Խաչիկյանի գործով դատավորը հիշել է, որ ամբաստանյալի հետ համակուրսեցիներ են և ինքնաբացարկ է հայտնել’

1013

«Վազգեն Խաչիկյանի և մյուսների» գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարել է, թե Վազգեն Խաչիկյանի հետ համակուրսեցիներ են եղել և սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։  Այս մասին հայտնում է «Փաստիֆո» գործակալությունը:

Ըստ Մակյանի՝ Խաչիկյանը եղել է իրենց կուրսի ավագը։ Ավելին՝ նրանց շփումները շարունակվել են նաև ուսանողական տարիներից հետո։  Մեղադրող դատախազ Հովհաննես Ենոքյանը հայտարարեց, որ նման պայմաններում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի։   Պաշտպանական կողմի դիրքորոշումը տարբեր էր. մի մասը թողեց դատարանի հայեցողությանը, իսկ մյուսն էլ՝ միջնորդեց փոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոցը։  Նշենք, որ դատավարությունը ընթանում է մեկ տարուց ավելի և պարզ չէ, թէ ինչու դատավորը հենց այսօր հիշեց, որ Խաչիկյանի հետ համակուրսեցիներ են:

Դատարանը ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննարկման առարկա չդարձրեց և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի հարցը որոշելու համար, որտեղից վերադառնալուց հետո Մակյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի որոշում է ընդունել, քանի որ իր և Խաչիկյանի հարաբերությունները կարող են ազդել գործի ելքի վրա։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն 1 մլրդ դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’