‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրացուցիչ փոփոխություններ է կատարել նախընտրական քարոզարշավի օրակարգում, Վաշինգտոնում հայտարարված է ոչ աշխատանքային օր, իսկ Նյու Յորքում քառորդ դարի ընթացքում առաջին անգամ փակ են լինելու բորսաները: Այսպիսին են «Սենդի» փոթորկի նախնական հետևանքները, քանի որ այն դեռ նոր է մոտենում ԱՄՆ հյուսիսարևելյան շրջաններին, բայց արդեն հասցրել է զգալի վնաս հասցնել երկրի տնտեսությանը:
Փոթորկի պատճառով հետաձգվել է ավելի քան 3 հազար ավիաչվերթ, չեն աշխատում Վաշինգտոնի և Նյու Յորքի մետրոն և քաղաքային վերգետնյա տրանսպորտը: Չեն աշխատելու դպրոցները, տանը կմնան ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի աշխատակիցները:
Ակնկալվում է, որ «Սենդի» փոթորիկն այսօր երեկոյան կհասնի Ամերիկայի արևելյան ափը, կանցնի Նյու-Յորքի և Նյու-Ջերսիի վրայով և կշարժվի դեպի Փենսիլվանիա նահանգը: Վտանգված գոտիներում իրականացվում են բնակիչների հրատապ տարհանման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ՝ «Սենդին» կարող է լուրջ վնաս հասցնել 50-60 մլն մարդու ունեցվածքին և խաթարել կյանքի բնականոն հունը:
‘