‘
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ուկրաինայում լռության օր է՝ վերջին դադարը Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններից առաջ: Ընտրությունների արդյունքում որոշվելու է ոչ միայն խորհրդարանի, այլև, փաստորեն, կառավարության կազմը:
Սոցիոլոգների տվյալներով՝ քվեարկության օրվանից երեք օր առաջ դեռևս ընտրողների 20-30 %-ը վերջնականապես չէր կողմնորոշվել՝ կգնա՞ ընտրության, և ո՞ւմ կտա իր ձայնը:
Օրենսդրության համաձայն՝ ուղիղ կեսգիշերին ուժի մեջ է մտել ցանկացած քարոզչության արգելքը, այդ թվում՝ հեռուստատեսությամբ նախընտրական տեսահոլովակների, հեռուստաբանավեճերի և ընտրողների հետ հանդիպումների ցուցադրումը:
Քարոզչության ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ պաշտոնական տվյալների համաձայն՝ այս քարոզարշավը «ամենակեղտոտներից» էր: Ինչպես ընտրություններից երեք օր առաջ տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, իշխանությունները 227 քրեական գործ են հարուցել քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ: Ընդ որում՝ խախտողների մեծ մասը՝ 60 %-ը, ինքնառաջադրված թեկնածուներն են, որոնք առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով: Փոխանցում է ТАСС-ը:
‘