‘
ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը՝ «Խորհրդարանական ժամ» հաղորդման ժամանակ:
Լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15 տարին։
Հոկտեմբերի 27-ը մեր պատմության սև էջերից է և ծանրագույն հարված հասցրեց մեր պետականությանը։ Այդ ոճրագործության կործանարար հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն։ Իսկ «Միասնություն» դաշինքի «Կառուցենք և պաշտպանենք» կարգախոսը առավել քան արդիական է նաև այսօր։
Համոզված եմ որ, մեր երկիրը բոլորովին այլ զարգացում կունենար, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը։ Իշխանությունները ամեն ինչ արեցին հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար, իսկ դատավարությունը չտվեց հասարակությանը հուզող հարցերի պատասխանները, չփարատեց կասկածները։ Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների հետևում այլ ուժեր կանգնած չէին։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո մեր երկրում բարգավաճում է քրեաօլիգարխիկ համակարգը, որը բացառում է երկրի զարգացումը, դատապարտում է մարդկանց անհուսության և արտագաղթի։ Մարդկանց մի խումբ բռնազավթել է իշխանությունը, երկիրը դարձրել է իր սեփականությունը և ուզում է պարտադրել իր կամքը մի ամբողջ ժողովրդի։
Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի դաշինքը հույսեր էր արթնացրել ժողովրդի մեջ, լավատեսություն և հավատ էր առաջացրել երկրի ապագայի նկատմամբ։ Այդ հավատը վերականգնելու համար անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։ Չի կարող մեր պետությունը առաջընթաց ունենալ առանց վստահության ճգնաժամի հաղթահարման, իսկ դրա համար երկրում պետք է անցկացվեն ազատ, արդար ժողովրդավարական ընտրություններ, ինչը տեղի չի ունեցել 1999 թվ. խորհրդարանական ընտրություններից հետո առ այսօր։
Քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է միավորեն իրենց ջանքերը այդ խնդիրը լուծելու համար։ Դա է օրվա հրամայականը։ Օրինական իշխանության հաստատմամբ նախադրյալներ կստեղծվեն երկրի բնականոն զարգացման համար։ Նոր իշխանության խնդիրը պետք է լինի նաև հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի ինչպես նաև պետության դեմ կատարված այլ հանցագործությունների լիարժեք բացահայտումը։
‘