‘
Հայ ազգային կոնգրեսի անդամներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն եւ Եռաբլուր: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կոնգրեսականները հարգանքի տուրք մատուցեցին 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին եւ ծաղկեփնջեր դրեցին պետական գործիչ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Տասնհինգ տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում զինված ահաբեկիչները, Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրին աննախադեպ ահաբեկչություն՝ գնդակահարելով 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանջյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին:
2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի անդամներին:
‘