‘
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է այն լուրերը, թե ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի, որի վրա հղում է կատարում Ermenihaber.am-ը՝ Բայդենը «CNN» լրատվականին տված հարցազրույցում ասել է. «Ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել: Նրան լավ եմ ճանաչում: Զանգահարել եմ նրան և ասել, որ տարածված լուրերը ճիշտ չեն ներկայացնում իմ խոսքերը» :
Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ասել էր, որ ահաբեկիչները, այդ թվում նաև «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, աջակցություն են ստացել Թուրքիայից:
Այդ հայտարարությունից ժամեր անց Էրդողանն իր վրդովմունքն էր արտահայտել՝ Բայդենից պահանջելով ներողություն խնդրել, որից հետո Սպիտակ տունը հայտարարությամբ էր հանդես եկել:
Հայտարարության մեջ նշվում էր, որ փոխնախագահը Հարվարդի համալսարանում արած հայտարությունների պարզաբանման համար զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և ներողություն խնդրել Թուրքիայից: «ԱՄՆ-ը բարձր է գնահատում այն պարտավորությունները, որոնք «Իսլամական պետության» դեմ պայքարում ստանձնել է ողջ աշխարհը, այդ թվում` նաև Թուրքիան»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի ուշ Սիպտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստը ամենօրյա ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխնախագահի ներողությունը կապված է եղել իր խոսքերի սխալ ներկայացման հետ:
‘