‘
Սիրիայում և Իրաքում շարունակվող զինված հակամարտությունները, «Իսլամական պետություն» խմբավորման հզորացումն ու ազդեցության աճը սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը. հավանականություն կա, որ ծայրահեղականները կարող են ստանալ Արևմուտքի աջակցությունը, РИА Новости-ին հայտարարել է ԽՍՀՄ ԱԳՆ նախկին աշխատակից, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պուշկարյովը:
«Վտանգն առկա է: Ծայրահեղականներն իսլամը օգտագործում են մի շարք պետություններում քաղաքական անկայունություն հրահրելու նպատակով: Դրանք լավ արդյունքի չեն բերի»,- հայտարարել է Պուշկարյովը: Նա նաև նշել է, որ «հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունները կարող են աջակցել իսլամական ծայրահեղականներին, որպեսզի սպառնալիք ստեղծեն ՌԴ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ»: «Այդ շարժումների ղեկավարները կարող են լինել ՆԱՏՕ-ի գործակալների ազդեցության տակ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջամտությանը այդ իրադարձություններին, ապա ուղիղ միջամտություն չպետք է լինի: Քանի որ Ռուսաստանում շատ մուսուլմաններ կան, ուղիղ միջամտությունը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել»,- ասել է գեներալ-լեյտենանտը:
‘