‘
Deutsche Bahn երկաթուղային ընկերության աշխատակիցների քառօրյա գործադուլը կարող է խափանել Բեռլինյան պատի անկման 25-ամյակին նվիրված հանդիսությունները:
Բողոքի ակցիան, որ կազմակերպել է գերմանական GDL արհմիությունը, սկսվել է չորեքշաբթի, բեռնատար շարժակազմերի մեքենավարների գործադուլով, իսկ հինգշաբթի առավոտյան դրան միացել են նաև մարդատար գնացքների մեքենավարները: GDL-ն պահանջում է 5 %-ով բարձրացնել մեքենավարների աշխատավարձերը և աշխատանքային շաբաթը կրճատել մինչև 37 ժամ:
Գործադուլի արդյունքում, որն անվանում են ժամանակակից Գերմանիայի պատմության մեջ ամենաերկարատևը, շրջանային և համազգային երկաթուղային հաղորդակցությունը, փաստորեն, ամբողջովին կաթվածահար է եղել:
Գնացքների 20 հազար մեքենավարների միավորող GDL արհմիությունը չորեքշաբթի մերժել է Deutsghe Bahn-ի ղեկավարության առաջարկը՝ վեճը լուծել արբիտրաժային դատարանում: Արհմիության ծրագրերի համաձայն՝ երկաթուղայինների գործադուլը կավարտվի միայն երկուշաբթի առավոտյան:
Մինչդեռ Բեռլինյան պատի անկման հանդիսություններին Գերմանիայի մայրաքաղաք մտադիր է այցելել առնվազն երկու միլիոն մարդ: Նախատեսված են համերգներ ու ցուցահանդեսներ, ինչպես նաև բացօթյա փառատոն Բրանդենբուրգյան դարպասների մոտ:
Ըստ ամենայնի՝ երկաթուղայինների 100-ժամյա գործադուլը կարող է ձախողել այս միջոցառումները:
Ինչպես հաղորդել է Deutsche Welle-ն, մեքենավարների արհմիությունը գործադուլին միանալու կոչ է արել վագոնավարներին և վագոն-ռեստորանների աշխատակիցներին: Փոխանցում է BBC-ն:
‘