‘
Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեդդին Ջերահը դատախազություն հարցաքննության է կանչվել Հրանտ Դինքի սպանության գործով:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոն՝ հղում անելով «Սաբահին», Ջերահը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը կհարցաքննվեն որպես կասկածյալներ, սակայն նրանց ձերբակալելու որոշում առայժմ չի կայացվել:
Հոկտեմբերի սկզբին Հրանտ Դինքի սպանության գործում ի հայտ էին եկել նոր հանգամանքներ, և որպես կասկածյալ հարցաքննության են ենթարկվել Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքը: Ավելի վաղ Դինքի սպանության գործով հարցաքննվել էր հետախուզության ևս մեկ նախկին աշխատակից` Սաբրի Ուզունը: Գյուլերի և Ջերահի գործն արդեն քննվել է անփութության համատեքստում, որը հանգեցրել էր Դինքի մահվան, սակայն առաջին անգամ նրանք անմեղ են ճանաչվել:
Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` «Ագոսի» խմբագրատան մոտ: Գրեթե երկու տարի տևած դատավարությունից հետո սպանության համար մեղավորները չեն դատապարտվել: Գործում բացահայտվում են նորանոր մանրամասներ, մասնավորապես, Դինքի սպանությանն «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության անդամների մեղսակցության վերաբերյալ: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայից հեռացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, ում նույնպես սպառնում էին սպանել:
«Ագոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելին, և 10 տարվա ազատազրկման` Յասին Հայալին` սպանության կազմակերմանը մասնակցելու համար: Դինքի սպանության անմիջական կատարող 17-ամյա Օգյուն Սամասթը 2011 թվականին դատապարտվել է 21 տրվա ազատազրկման: Լսումների ժամանակ նա հայտարարել էր, թե դարձել է Թուրքիայի իշխանությունների հակահայկական քարոզչության զոհ: Դինքի ընտանիքի փաստաբանները կարծում են, որ Սամասթը գործիք է եղել ոճրագործության կազմակերպիչների ձեռքին:
‘