‘
Արևմտյան մայրաքաղաքներում անհանգստացած են Կիևից ստացված այն լուրերի կապակցությամբ, թե ռուսաստանյան տանկերը հատել են ուկրաինական սահմանը, սակայն առայժմ սեփական աղբյուրներից չեն ստացել այդ տեղեկատվության հավաստիության ապացույցները, հայտարարել են Վաշինգտոնի, Բեռլինի և Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչները:
ԱՄՆ-ը չի կարող հաստատել այդ հաղորդագրությունը, սակայն եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա դա կլինի կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության կոպիտ խախտում, ասել է պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին:
«Մենք կարող ենք հաստատել, որ ռուսաստանյան զորքերի և սպառազինության թիվը վերջերս մեծացել է Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ: Եթե ներխուժումն Ուկրաինա հաստատվի, դա Ռուսաստանի ագրեսիայի և Ուկրաինան ապակայունացնելու գործում նրա անմիջական մասնակցության նոր ապացույցը կլինի»,- հայտարարել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:
Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել այդ առնչությամբ:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն նոյեմբերի 7-ին ճեպազրույցում հայտարարել է Իզվարինո անցակետի շրջանում Ռուսաստանից մեծ թվով ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին՝ 32 տանկ, 16 հաուբից և 30 ԿամԱզ, այդ թվում՝ ռադիոտեղորոշիչ կայաններով երեք բեռնատար: Ըստ նրա՝ սահմանի հատումը կատարվել է չորեքշաբթի:
Ռուսաստանի ՊՆ-ն այդ բոլոր տեղեկություններն անապացուցելի է անվանել: Փոխանցում է BBC-ն:
‘