‘Ստեփան Մարգարյան. Շարժման տարածքային գրասենյակները կմոբիլիզացնեն հանրության ներուժը’

1388

Մարզերում համաժողովրդական շարժման գրասենյակների բացումը նպատակ ունի մոբիլիզացնել փոփոխություններ ակնկալող մարդկանց ներուժը, iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Ստեփան Մարգարյանը:

Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 6-ին կուսակցության քաղխորհրդի ընդունած որոշման համաձայն՝ աշխատանքները մեկնարկել են և հաջող ընթացքի մեջ են: Նրա խոսքով, Երևանում ընթացող հանրահավաքները ցույց են տալիս, որ հասարակության մեջ փոփոխությունների խիստ մեծ ներուժ կա, սակայն անհրաժեշտ է մոբիլիզացնել այդ ներուժը, ինչին էլ կոչված են լինելու մարզերում Շարժման գրասենյակները:

«Գրասենյակների ամենօրյա աշխատանքն է լինելու՝ հանդիպումներ կազմակերպել տեղերում բնակչության հետ, իրազեկել նրանց շարժման ընթացքի, նպատակների մասին և հարկ եղած դեպքում մոբիլիզացնել նրան՝ նախատեսված միջոցառումներին մասնակցության համար, լինի դա հանրահավաք, նստացույց կամ այլ միջոցառում», — ասաց պատգամավորը:  

Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների պարագայում Համաժողովրդական շարժման գրասենյակները կվերածվեն նախընտրական շտաբների, բայց մինչ այդ կկատարեն այն դերը, ինչի մասին  հայտարարվում է՝ հասարակության մոբիլիզացիայի դերը:

Ստեփան Մարգարյանն անձամբ համակարգելու է նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ աշխատանքները: Պատգամավորի խոսքով, Եռյակում ընդգրկված կուսակցությունները համագործակցում են տարբեր արտախորհրդարանական ուժերի հետ, և այս դաշտում ևս լուրջ ներուժ կա, որը պետք է օգտագործել:

ԲՀԿ քաղխորհրդի որոշման մեջ նշվում է նաև սփյուռքի կառույցների հետ համագործակացութան անհրաժեշտությունը: Ստեփան Մարգարյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» սփյուռքի հատկապես եվրոպական կառույցների հետ լայն կապեր ունի: «Հայաստանում պայքարն ընթանում է ոչ թե հանուն անձերի փոփոխության կամ հանուն անձնական շահերի, ինչպես փորձում են ներկայացնել որոշ լրատվամիջոցներ, այլ գնում ենք համակարգային փոփոխությունների: Սփյուռքի այն հատվածը, որը շահագրգռված է Հայաստանում ընթացող գործընթացներով, ասելիք ունի, և մենք գտնում ենք, որ պետք է նրանց ամբիոն տալ, որպեսզի նրանք կարողանան այն ուժերի հետ, որոնք փոփոխությունների են գնում, շփվել, իրենց կարծիքը հայտնել և ինչ-որ ձևով նաև օժանդակել: ԲՀԿ-ի կողմից այդ հանձնառությունը վերցրել է Վարդան Օսկանյանը, կարծում եմ՝ Եռյակի մյուս ուժերը նույնպես ունեն նման կապեր և հնարավորություններ», — նշեց պատգամավորը:

Նա տեղեկացրեց նաև, որ մոտ օրերս կլինի Եռյակի նիստ, կամ երկկողմ հանդիպումներ, որտեղ և ավելի մանրամասն կքննարկվեն հետագա անելիքները: «Այն, ինչ ամփոփված է այս որոշման մեջ, բնականաբար, հենց այդ օրը չի ծնվել: Այդ որոշմանը մենք եկել ենք Եռյակի մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում, ուղղակի՝ դրան քաղխորհրդի որոշման տեսք տրվեց, որպեսզի ավելի պարտավորեցնող լինի», — ամփոփեց մեր զրուցակիցը: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ. Իրանի պատասխաններն անբավարար են’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայում 43 ուսանողների սպանության մեջ կասկածվողները խոստովանել են’