‘
ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվում է Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը:
Հարցի կապակցությամբ ելույթով հանդես եկավ ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ.
«ԼՂՀ ճանաչման խնդիրն արդեն արծարծվել է եւ Կոնգրեսի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Ուստի, ես ուղղակի կհիշեցնեմ այն՝ մեր խորհրդարանին եւ հասարակությանը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեում հռչակած անկախության միջազգային ճանաչման հետևողական կողմնակիցն է:
Միևնույն ժամանակ՝ մեր խմբակցությունը Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը համարում է վաղաժամ՝ հետևայլ պատճառներով.
1. 1992 թվականից ի վեր Ղարաբաղյան հակամարտության և դրա լուծմանն ուղղված՝ Մինսկի խմբի միջնորդությամբ տարվող բանկցությունների հիմնահարցը հենց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն է: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 884 բանաձևի աջակցությունն ստացած՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցությունների գործընթացն այսօր Հայաստանի և Ղարաբաղի, ընդհանրապես՝ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրված զինադադարի պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկն է: Հայաստանի կողմից Ղարաբաղի կարգավիճակի կանխորոշումը, ըստ էության, կնշանակի, որ Հայաստանը միակողմանիորեն դուրս է գալիս բանակցություններից և դառնում այդ բանակցությունների տապալման գլխավոր պատասխանատուն:
2. Հաշվի առնելով, որ ԼՂ իշխանությունները նույնպես այսօր նման քայլը ժամանակավրեպ են համարում, Հայաստանի կողմից այդպիսի միակողմանի որոշումը կհակասի ԼՂ ինքնորոշման սկզբունքին:
3. Այսօրվա միջազգային իրավիճակում Հայաստանի կողմից նման միակողմանի քայլը ոչ թե կնպաստի Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացին, այլ հակառակը՝ միջազգային մեկուսացման մեջ կդնի Հայաստանը:
Հայաստանի քաղաքական ուժերը պետք է մեկընդմիշտ հասկանան մեկ պարզ ճշմարտություն. հետ-պոտսդամյան մեր աշխարհակարգում որևէ դե ֆակտո նորանկախ երկիր ստանում է առնվազն մասնակի միջազգային ճանաչում միայն այն դեպքում, երբ կա՛մ այնքան մեծ բնակչության և այլ ռեսուրսների տեր է, ինչպես, օրինակ, 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կոսովոն և Արևելյան Թիմորը, որ նրա հետ ուղղակի հնարավոր չէ հաշվի չնստել, կա՛մ՝ եթե նման ճանաչումը թելադրված է որևէ գերտերության և գերտերությունների խմբի շահերով, ինչպես եղավ Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի դեպքում:
Ղարաբաղի անկախության ճանաչմանը կարելի է հասնել ոչ թե թղթով, այլ Հայաստանը և Ղարաբաղը զարգացնելով և բնակեցնելով, ստեղծելով այնպիսի ժողովրդագրական, տնտեսական և ռազմական ռեսուրսներ, որոնց հետ հաշվի կնստեն Ադրբեջանը և ողջ միջազգային հանրությունը:
Ղարաբաղի անկախության ճանաչման բանալին, ուստի, Հայաստանում արմատական փոփոխությունների և ժողովրդի մասնակցությամբ արդիականացման մեջ է:
Ելնելով վերոհիշյալից և վաղաժամ համարելով հարցի քննարկումը Ազգային ժողովում՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը հայտարարում է, որ չի մասնակցի քվեարկությանը»»:
‘