‘
Գեղագիտության ազգային կենտրոնի քանդակի բաժնի մանկավարժ Հրաչյա Համբարձումյանը նոյեմբերի 7-ին, տնօրեն Լևոն Իգիթյանի (Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ) հրամանով հեռացվել էր աշխատանքից: Իգիթյանը պատճառաբանել էր իր որոշումը նրանով, թե Հրաչյա Համբարձումյանը բացակայել է աշխատանքից և դասեր չի անցկացրել:
Սակայն Հրաչյա Համբարձումյանը համոզված է, որ դա կապված է իր սկսած պայքարի հետ։
Վերջինս հրաժարվել էր լքել Սարյան 27 հասցեում գտնվող տարածքը, որտեղ դասեր էր անցկացնում։
Համբարձումյանի խոսքերով՝ «Լևոն Իգիթյանը Սարյան 27 հասցեում գտնվող քանդակի արվեստանոցը ուզում է դարձնել փայտի արտադրամաս: Դրա համար էլ ինձ աշխատանքից հեռացրել են, որովհետև մենք թույլ չենք տալու, որ արվեստանոցը վերածվի փայտի արհեստանոցի»:
Այսօր Հրաչյա Համբարձումյանը, իր սաների և նրանց ծնողների հետ միասին բողոքի ակցիա անցկացրեց արվեստանոցում: Ակցիայի ժամանակ, սաների ներկայությամբ Համբարձումյանը հայտարարեց, որ «այստեղ կանգնած ոչ մի մարդ հետ չի կանգնելու, մենք բոլորս էլ այս երկրում ենք ապրում, և այս երկրի, այս արվեստանոցի համար մենք պայքարելու ենք»:
Ի նշան բողոքի` արվեստանոցի սաները վառելանյութով լցված տարայի մեջ այրեցին Լևոն Իգիթյանին պատկերած իրենց նկարները: «Դրանով երեխաները ցույց տվեցին, որ իրենք ստեղծում են այս ամեն ինչը, իսկ պարոն Իգիթյանը այրում և քանդում է»,- բացատրեց Հրաչյա Համբարձումյանը, հավելելով, որ հիմա նրանք սպասելու են Կրթության և գիտության նախարարի արձագանքին, իսկ եթե այն բացասական լինի, կդիմեն դատարան:
‘