‘
Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:
Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Ադրբեջանական զլմները հայտնում են, որ ուղղաթիռը ընկել է ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում:
Սա ամենալուրջ միջադեպն է ռազմական ավիացիայի հետ կապված՝ զինադադարի պայմանագրի կնքումից ի վեր:
16:38
Որոշ տեղեկություններով, ուղղաթիռի խոցումից զոհվել է երեք մարդ: Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
20։30
Որոշ լրատվամիջոցներում հայտնվել են ուղղաթիռի անձնակազմի անդամների անունները՝ հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը։ Նրանից զատ, ուղղաթիռի անձնակազմի անդամ էին նաև լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ Հիշատակված սպաների ճակատագրերը դեռևս անհայտ է։
‘