‘
ԱԺ-ում բյուջետային քննարկումները հերթական և ավելորդ անգամ ապացուցեցին, որ «գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում», և կամ` «կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Ասել կուզի` Տիգրան Սարգսյանով ներկայացված լինի կառավարությունը, թե Հովիկ Աբրահամյանով, միևնույն է` նույն ՀՀԿ-ն է, նույն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և սրանցից խելամտություն պահանջելը անպտուղ զբաղմունք է:
Օրինակ` հիշու՞մ եք, թե ինչպես էր Տիգրան Սարգսյանը պնդում, թե Համաշխարհային ճգնաժամը որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության, Սերժ Սարգսյանի նախընտրական և կառավարության` գործունեության ծրագրերի վրա:
Անշուշտ, հիշում եք նաև պայմանը` եթե ընդդիմությունն ու լրագրողները չխոսեն ճգնաժամի մասին, այն չի’ լինի` կանցնի’ Հայաստանի կողքով: Ինչպես Մակեդոնացու բանակը մի ժամանակ…
Հիմա բացարձակ նույն անադեկվատ վիճակի մեջ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է հայտնվել:
Պարզվում է` ռուսական ռուբլու անկումը որևէ անմիջական ազդեցություն չի ունենա ՀՀ տնտեսության վրա: Եւ գիտե՞ք` ինչու. որովհետև ԿԲ-ն «ուշադրությամբ հետևում է արտարժույթի շուկայում տիրող իրավիճակին և, անհրաժեշտության դեպքում, կարող է կտրուկ ցնցումները հարթելու նպատակով միջամտել»:
«Ամռան ամիսներին մենք ազատ շուկայում մի քանի անգամ կատարեցինք արտարժույթի գնման գործողություններ` դրամի խիստ արժևորման պայմաններում, որպեսզի դա ազդի ապրանքարտադրողների և հատկապես արտահանողների վրա: Հետևաբար, դրամի թուլացման դեպքում մենք պատրաստ ենք մեր միջամտություններով հարթել նաև այդ տատանումները»,- պտասխանելով պատգամավորների մտահոգություն-հարցերին` նշել է ԿԲ ղեկավարը:
Արթուր Ջավադյանը, հատկապես Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու ֆոնին, նաև բավական տարօրինակ մի հայտարարություն է արել Ազգային ժողովում, ինչով, կարելի է ասել, ջուրն է լցրել ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև բոլոր նրանց ջանքերը, ովքեր խոսում են Եվրասիական միության կողմից մեր առջև բացած «լայն տնտեսական հնարավորությունների ու պայծառ հորիզոնների մասին»:
Պարզվում է` ռուսական ռուբլու արժեզրկումը մեր տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա այն պարզ պատճառով, որ համաձայն ԿԲ ղեկավարի`«Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների ընդհանուր ծավալը կազմում է երկրի արտահանման ծավալների ընդամենը 20%-ը: Իսկ երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 25%»:
Այսինքն, բացարձակապես հաշվի չի առնվում թեկուզ միայն այն հանգամանքը, որ մոտ 2 միլիոն հայեր ապրում և աշխատում են այդ երկրում: Որ արտագնա աշխատանքի մեկնած միջին վիճակագրական հայաստանցին, ով տարեկան իր բարեկամներին էր ուղարկում մոտ 165 հազար ռուբլի, այսինքն` շուրջ 2.1 մլն դրամ, այժմ և աշխատանք գտնելու’ պրոբլեմ ունի, և նույն փողն ուղարկելու պարագային ուղարկելու է ընդամենը 1.7 մլն դրամ: Գուցե` գնալով մի բան էլ պակաս: Եւ դա` հատկապես ԿԲ-ի կողմից նախկինում ակնկալվող տրանսֆերտների 10% աճի կանխատեսման պարագայում…
Բացի այդ` եթե ռուբլու փոխարժեքն արժեզրկվում է, երեխային էլ է պարզ, որ Ռուսաստանից դուրս արտադրված և Ռուսաստան ներմուծվելիք ապրանքներն ակնհայտորեն կթանկանան ռուս սպառողի համար: Որ չնայած այդչափ թմբկահարվող և այդպես էլ արդյունքներ չապահովող մեծ պահանջարկին` հայկական պահածոները, խմիչքները, ձկնամթերքը, գինին, կոնյակը, ամենկարևորը` գյուղմթերքը, նույնպես կթանկան, իսկ դրանց սպառումը կնվազի:
Փոխարենը, ռուբլու արժեզրկման պարագային, ռուսական ապրանքների արտահանումը ձեռնտու կդառնա այդ երկրի գործարարների համար, և գուցե մեզանում ստեղծվի մի իրավիճակ, որ առանց այդ էլ ներմուծումների վրա «նստած» մեր տնտեսությունն ավելի վատ վիճակում հայտնվի, իսկ տեղական արտադրողի և արտահաման վրա կարելի լինի հանգիստ խաչ քաշել:
Ուրեմն ինչ է ասում Ջավադյանը` հայտնի չէ: Իբր` մեր տնտեսությունը կարգին էլ դիվերսիֆիկացված է, և ոչ կվնասվի, ոչ էլ Ռուսաստանի կարի՞քն ունի:
Հավատալու բա՞ն է, որ առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլարի (տարեկան կտրվածքով) վնասը որևէ կերպ չի ազդի մեր հազիվհազ շնչող տնտեսության վրա:
Ասում է` չի՛ ազդի: Տիգրանսարգսյանաբա՛ր:
Իբր` «երկրի բանկային համակարգն ունի արտահանողներին ֆինանսավորելու բավականաչափ որակյալ գործիքներ, որոնք ռուսաստանյան շուկա մատակարարումներ իրականացնելու դեպքում կարող են ապահովագրել իրենց արտարժութային ռիսկերը»:
Թե ինչպես է մեր բանկային համակարգը «ծառայում» մեր արտահանողին, և ինչ կապ ունի այն ընդհանրապես իրական տնտեսության հետ, սա էլ մեկ այլ նյութի թեմա է: Փաստն այն է, որ ՀՀ քաղաքացին, բոլոր այս տարիների ընթացքում և բոլոր իր խնդիրների հետ մշտապես մենա’կ է մնացել, և կառավարությունն ու նույն բանկային համակարգը մատը մատին չեն խփել նրան որևէ կերպ եթե ոչ աջակցելու, գոնե` չխանգարելու համար:
Ինչ վերաբերում է առհասարակ ֆինանսական շուկային, նշենք, որ այստեղ առայժմ խուլ և չերևացող բացասական սպասումն ակնհայտ է, և դրա վկայությունը դոլարի փոխարժեքի բարձրացումն է Հայաստանի արժույթի շուկայում:
Ճիշտ է` փորձագետները համարյա բացառում են փոխարժեքի կտրուկ ցնցումները գոնե մինչև Ամանորյա տոները, և դա բացատրում են դրսից Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների աճի իներցիայո՛վ, բայց այ` երբ տոներն անցնեն, իսկ Ռուսաստանում իրադարձությունները չկարգավորվեն, ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է պատահել:
Ի դեպ, սա չի նշանակում, թե այս պահին արդեն մտահոգվելու կարիք չկա:
Օրինակ` հայտնի իշխանական լաքեյ Սամվել Ալեքսանյանը, լրջորեն մտահոգված լինելով չաշխատող բնակչության գնողունակության և տրանսֆերտների հնարավոր նվազմամբ, իրեն այս գլխից է ապահովագրել. «Ինեկո» բանկի հետ համատեղ` նա մեր բնակիչներին առաջարկում է վարկով սեղան գցել` գնումներ անելով հատկապես «Երևան սիթի» խանութների ցանցից:
Հե՛րն էլ անիծած հետոյի:
Տոներն են մոտենում, և մեզ պատվիրված է ուրախ լինել…
‘