‘
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի բացառում, որ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան և կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կկորցնեն իրենց տեղն ազգային ընտրանու կազմում:
Այս ֆուտբոլիստները հրաժարվել են ընդգրկվել Իսպանիայի հավաքականի` Բելառուսի հետ ընտրական և Գերմանիայի հետ ընկերական խաղերի հայտացուցակում` պատճառաբանելով, որ վնասվածքներ ունեն, սակայն իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Կոստան և Ֆաբրեգասը պարզապես չեն ցանկանում հավելյալ ծանրաբեռնվածության ենթարկվել:
«Հնարավոր է` երբ Ֆաբրեգասը և Կոստան վերադառնան հավաքական, նրանց դիրքերում արդեն այլ ֆուտբոլիստներ լինեն: Ես չեմ սպառնում, սա իրականությունն է: Իմ աշխատանքը և պատասխանատվությունը պարտավորում են միշտ գտնել իսպանական ֆուտբոլի համար լավագույն լուծումները»,-դել Բոսկեի խոսքն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Բելառուսի հետ խաղում Իսպանիան 3:0 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ Գերմանիայի հետ ընկերական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:
‘