‘
ԱՄՆ առաքելությունը Բաց երկնքի վերաբերյալ միջազգային պայմանագրի շրջանակներում դիտական թռիչք է իրականացնելու Ռուսաստանի տարածքի վրա: Այդ մասին ТАСС-ին հաղորդել է Միջուկային սպառնալիքի նվազեցման ազգային կենտրոնի պետ Սերգեյ Զաբելոն: Նա նշել է, որ նոյեմբերի 17-22-ի ժամանակամիջոցում ԱՄՆ առաքելությունը դիտական թռիչք կիրականացնի Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա OC-135Б ամերիկյան ինքնաթիռով:
OC-135Б պատկանում է այն ինքնաթիռների դասին, որոնք նախատեսված չեն որևէ զենք կրելու: Ինքնաթիռը և այնտեղ տեղադրված սարքավորումները միջազգային զննություն են անցել, որին մասնակցել են նաև ռուսաստանցի մասնագետները, ինչը բացառում է Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրով չնախատեսված տեխնիկական միջոցների օգտագործումը:
Բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1992 թ., դրան մասնակցում է 34 պետություն: Դիտական թռիչքներ են իրականացվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի երկրների օդային տարածքներում: «Բաց երկնքի» հիմնական նպատակներն են՝ թափանցիկության ապահովումը, սպառազինության վերահսկման բնագավառում պայմանավորվածությունների պահպանումը, ճգնաժամերի հաղթահարման և ԵԱՀԿ ու այլ միջազգային կառույցների շրջանակներում ճգնաժամային իրավիճակների կարգավորման հնարավորությունների ընդլայնումը:
‘