‘
2013 թ. ամբողջ աշխարհում ահաբեկչության զոհ է դարձել գրեթե 18 հազար մարդ՝ 61 %-ով ավելի, քան մեկ տարի առաջ, նշված է Global Terrorism Index-ի՝ երեքշաբթի հրապարակված զեկույցում: Ընդ որում՝ նույն ժամանակաշրջանում ահաբեկչական հարձակումների թիվն աճել է 44 %-ով. 2013 թ. ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 10 հազար ահաբեկչական գործողություն:
Այս յուրօրինակ վարկանիշն ամեն տարի կազմում է Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը, որի գործադիր տնօրեն Սթիվ Քիլելիի խոսքով՝ 2013 թ. ահաբեկչության աճը բացատրվում է Սիրիայի քաղաքացիական պատերազմով:
2013 թ. ահաբեկչության զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Իրաքում՝ ավելի քան 6 հազար: Դրան հաջորդում են Աֆղանստանը, Պակիստանը, Նիգերիան և Սիրիան: Ընդհանուր առմամբ՝ այս հինգ երկրներին է բաժին ընկնում ահաբեկչության զոհերի 80 %-ը:
Ամենամեծ թվով կյանքեր են խլել «Իսլամական պետության», «Ալ-Քաիդայի», «Բոկո Հարամի» և «Թալիբանի» գրոհայինները: Ինչպես նշվում է զեկույցում՝ այս չորս խմբավորումներն «օգտագործում են կրոնական գաղափարախոսությունը, որը հիմնվում է վահաբիզմի ծայրահեղ մեկնաբանության վրա»: Զեկույցում հատկապես ընդգծվում է, որ ծայրահեղականների վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել իսլամական աշխարհի ներսից, այլ ոչ թե դրսից: Փոխանցում է BBC-ն:
‘