‘
Քիչ առաջ ԼՂՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել, որտեղ պնդում է, որ ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ: Նշվում է նաև, որ ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:
Քանի որ այս հայտարարությունը հակասության մեջ է մտնում Հայաստանի ՊՆ-ի՝ մինչ այս արած հայտարարություններին, համաձայն որոնց՝ հայկական կողմը չի կարողանում մոտենալ ուղղաթիռի անկման վայրին, iLur.am-ը փորձեց ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից պարզել, թե հայկական կողմին հաջողվե՞լ է մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ի պատասխան մեր հարցին՝ Հասրաթյանն ասաց, թե հաղորդագրությունից հետևում է, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ուժերը վերահսկում են անկման վայրը՝ այնքանով, որ ադրբեջանական կողմը չի վերահսկում այն:
ԼՂՀ ՊՆ հայտարարությունից այդպես էլ պարզ չի դառնում՝ արդյո՞ք ուղղաթիռի անկման վայրում իրավիճակի փոփոխություն է գրանցվել: iLur.am-ին չհաջողվեց այս հարցի պատասխանը ստանալ նաև Սենոր Հասրաթյանից:
‘