‘
Անկարան անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերի քրդական տարածքի անվտանգությունն ապահովելու հարցում, Իրաքյան Քուրդիստան այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Ի պատասխան «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ փեշմերգին աջակցելու խոստման՝ թուրքական կառավարության ղեկավարը Քիրքուկից դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստը նավթի տարանցիկ մատակարարումների վերաբերյալ կոնկրետ թվեր է լսել:
«Քրդական տարածաշրջանային կառավարությունն օրական 150 հազար բարել քիրքուկյան նավթ կառաքի խողովակաշարով, որն անցնում է Թուրքիայի տարածքով»,- տեղեկացրել է ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին:
Հոկտեմբերի վերջին Թուրքիան իր տարածքով թույլ տվեց տեղափոխել ռազմական տեխնիկա և փեշմերգի 150 ռազմիկների՝ սիրիական Քոբանի քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից պաշտպանելու համար:
Նախօրեին Դավութօղլուն բանակցություններ է անցկացրել Բաղդադում, որտեղ երկրի ղեկավարությանը հավաստիացրել է, որ Թուրքիան շահագրգռված է միասնական Իրաքի հարցում և աջակցում է նրա կառավարությանը՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով: Փոխանցում է euronews-ը:
‘