‘
Խոցված հայկական ուղղաթիռը Բաքվի քաղաքականության արդյունքում տարիներ շարունակ տարանջատման գծում առկա իրավիճակի արդյունք էր: Այդ քաղաքականությունը նպատակուղղված է ռևանշի ձեռք բերմանն ու Հայաստանի նկատմամբ համակողմանի ճնշման ճանապարհով «օկուպացված տարածքների» վերադարձմանը:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական հանրության նախագահ, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը` մեկնաբանելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով թռչող հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման պատճառները:
«Այդ ճնշման բաղադրիչ մասն իրադրության կանոնավոր սրումն է տարանջատման գծում: Ընդ որում` դիտվում են դիմակայության գոտու աշխարհագրական ընդլայնման միտում և ավելի լայնածավալ զինված միջադեպեր: Այսինքն, Բաքուն ձգտում է ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշման այդ ձևը: Ուստի հազիվ թե Բաքվից հրաման էր ստացվել` խոցել հենց այդ ուղղաթիռը: Նման հրամանի վերաբերյալ հարցման և պատասխանի համար շատ ժամանակ կպահանջվեր», — նշել է նա:
Կռիլովն ասել է, որ տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմական հաշվեկշիռն անհնար է դարձնում Հայաստանի ջախջախումն ադրբեջանական բանակի ուժերով, իսկ Հայաստանի ՀԱՊԿ անդամությունն անհնար է դարձնում Թուրքիայի ռազմական միջամտությունը: Այդ պատճառով յուրաքանչյուր սրմանը հետևում է դադար` ծիսական խոստումներով, բարձրագույն մակարդակի հանդիպումներով, միջնորդների իրարանցմամբ և այլն: Նրա գնահատմամբ, չնայած այդ ամենին, Բաքվի գլխավոր նպատակը կլինի մնալ նախկինը: Ընդ որում, այնտեղ համոզված են, որ կհաջողվի իրավիճակը լարված պահել և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, որոնց արդյունքը կարող է անբարենպաստ լինել Ադրբեջանի համար:
Այդ լույսի ներքո, նրա գնահատմամբ, կարելի է ակնկալել, որ Հայաստանն ուժասպառ անելու քաղաքականությունը կշարունակվի, համապատասխանաբար, հանդարտության շրջաններին կհաջորդեն նոր սրումներ և նոր միջադեպեր: Կռիլովը կարծում է, որ հազիվ թե իրավիճակը փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-ինչ պատճառներով մի շարք նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունեցել Ադրբեջանում, Հայաստանում կամ տարածաշրջանում` ամբողջությամբ վերցրած:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
‘