‘
ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը նախազգուշացրել է այն վտանգի մասին, որին կարող են հանգեցնել Ռուսաստանին մեկուսացնելու և նրա տնտեսությունը թուլացնելու փորձերը:
«Մեկուսացված և տնտեսապես թուլացած Ռուսաստանը չի նպաստի Եվրոպայում անվտանգության և Ուկրաինայում կայունության հաստատմանը, ընդհակառակը, դա սպառնալիք կդառնա»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր Բեռլինում Suddeutsche Zeitung թերթի կազմակերպած համաժողովում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Արևմուտքը նպատակ է հետապնդում բացասաբար ազդելու ՌԴ տնտեսության վրա՝ Շթայնմայերը պատասխանել է. «Իմ հստակ պատասխանն է՝ ոչ: Դա չի եղել, չկա և ապագայում էլ չպետք է պատճառ հանդիսանա պատժամիջոցների համար»: Նրա կարծիքով՝ նման սահմանափակող միջոցներն անհրաժեշտ են համաշխարհային կարգը պահպանելու համար: «Ով խախտում է Եվրոպայում համակեցության կանոնները, նա հարվածի տակ է դնում անվտանգության և բարեկեցության հիմքերը»,- ասել է ԱԳ նախարարը: Փոխանցում է ТАСС-ը:
‘