‘
Դեկտեմբերի 2-ից «Նաիրիտ» գործարանի աշխատողներն սկսել են առաջիկա հեռացումների վերաբերյալ ծանուցագրեր ստանալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով, երկրի օրենսդրության համաձայն, ձեռնարկության աշխատակիցները ծանուցագրեր պետք է ստանան հեռացումից երկու ամիս առաջ: «Այդպիսով, — շարունակել է մամուլի քարտուղարը, — փետրվարի 6-ից ձեռնարկությունում կսկսվեն զանգվածային հեռացումներ, շուրջ 2 հազար աշխատողից կմնա 400-500 մարդ: Բնականաբար, խոսք չի կարող լինել նաև աշխատավարձի գծով պարտքերի վճարման մասին: Ձեռնարկությունն իր աշխատողներին պարտք է շուրջ 15 մլն դոլար, մարդիկ 12-18 ամիս աշխատավարձ չեն ստացել», — նշել է Անուշ Հարությունյանը:
Ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողներին հաղորդել էր, որ մինչև տարեվերջ «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերի գծով պարտքը կմարվի: Նրա ասելով, նախկինում վճարումներն իրականացվել են պետական էներգետիկ ընկերությունների` Երևանի ՋԷԿ-ի և Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի եկամուտների հաշվին, սակայն այս անգամ միջոցները կներգրավվեն ոչ այնտեղից: Ինչ վերաբերում է ձեռնարկության հետագա շահագործմանը, ապա այդ նախագիծը մշակման փուլում է:
Նշենք, որ գործարանն արդեն տևական ժամանակ պարապուրդի է մատնված: Միայն աշխատավարձի գծով ձեռնարկության աշխատակիցների պարտքերը վերջին 15 ամսում կազմում են շուրջ 5 մլրդ դրամ: Իսկ գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամ նշագծին: 2006 թվականին ՙՆաիրիտ՚ ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել է բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: ՙՆաիրիտ՚ գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի հիմնական միջոցները գրավադրվել էին ՙՄեժգոսբանկի՚ վարկի դիմաց և վերջինի չմարման արդյունքում դարձել են բանկի սեփականություն: 70 մլն դոլարի վարկը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով:
‘