‘
Ուկրաինայի կառավարությունում Միխեիլ Սաակաշվիլիի զինակիցների նշանակումները Թբիլիսիի դժգոհությունն են հարուցել: Այդ մասին գրում է «Коммерснт»-ը՝ հղում անելով Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչներին:
Երեքշաբթի Գերագույն ռադան Ուկրաինայի աողջապահության նախարարի պաշտոնում նշանակեց Վրաստանի նախկին առողջապահության նախարար Ալեքսանդր Քվիթաշվիլիին: Բացի այդ, «Коммерснт»-ի տվյալներով՝ «Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարարի կարևոր պաշտոնն ստանձնելու է Եկատերինա Զգուլաձեն՝ Վրաստանում նշանակալի ֆիգուր, ում անվան հետ են կապվում ոստիկանական բարեփոխումները»:
Իշխող «Վրացական երազանք» դաշինքի առջնորդներից Լևան Բարձենիշվիլիի կարծիքով՝ «դա սխալ որոշում է և հետևանքներ կունենա վրաց-ուկրաինական հարաբերությունների վրա»: «Իսկ փոխվարչապետ Կախա Կալաձեն ակնարկել է, որ եթե հաստատվի ուկրաինական Հակակոռուպցիոն գրասենյակի ղեկավարի պաշտոնում Վրաստանի նախկին արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիին նշանակելու մասին լուրը, ապա դա կունենա աներևակայելի հետևանքներ »,- գրել է «Коммерснт»-ը:
Թերթի աղբյուրը Վրաստանի կառավարական շրջանակներում թեև հաստատել է, որ Կիևի որոշումները Թբիլիսիում «զարմանքով և տագնապով են ընդունում», սակայն բացառել է Ուկրաինայի հետ հարաբերություններն իրապես խզելու հավանականությունը: «Մեր վարչապետը Կիև կատարելիք առաջիկա այցի ընթացքում ամեն ինչ կանի՝ թյուրիմացությունները հարթելու համար», ասել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Փոխանցում է ТАСС-ը:
‘