‘
ՃՈ տեսուչի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու փաստի, ավելի ճիշտ՝ այդ փաստը տեսախցիկով արձանագրվելու և համացանցում հայտնվելու առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Բանն այն է, որ համացանցում երեկ հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է ՃՈ տեսուչը, ձայնային և լույսային ազդանշաններն անջատած, հոծ գիծ հատում, իսկ երբ տեղում մեկ այլ ավտոմեքենայի վարորդ ոստիկանին «դիտողություն » է անում՝ նշելով, թե նա խախտում է արել, տեսուչը պատասխանում է՝ «Լավ եմ անում, արա այ տղա…», որից հետո իր խախտումն «ակամա արձանագրած» վարորդին կոպտորեն հրահանգում է կանգնեցնել ավտոմեքենան:
Երբ ոստիկանը մոտենում և տեսնում է, որ վարորդը տեսանկահանում է իրեն, հայհոյելով շրջվում է ու շտապ նստելով ծառայողական մեքենան՝ հեռանում «դեպքի վայրից»:
‘