‘
Օպերայի ղեկավարությունը հրաժարվում է հոսանք տրամադրել այսօր ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման «Ո՛չ՝ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի անցկացման համար: Ինչպես iLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, սովորաբար՝ այն դեպքում, երբ քաղաքապետարանը միջոցառում անցկացնելու վերաբերյալ իրազեկումը ընդունել է ի գիտություն, ամենամոտ գտնվող կառույցը պարտավոր է հոսանք տրամադրել միջոցառման անցկացման համար: «Ամենահետաքրքիրը այն է, որ նրանք հրաժարվում են հոսանք տրամադրել հոսանքի թանկացման դեմ ակցիան իրականացնելու համար»,- նշեց Վաղինակ Շուշանյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ իրենք կապ են հաստատել քաղաքապետարանի հետ, որտեղից հայտնել են, որ չեն զբաղվում նման հարցերով. «մեր գործը ի գիտություն ընդունելն է»:
«Երեկ Ազատության հրապարակում տեղի է ունեցել մեկ այլ միջոցառում՝ համերգ, որից հետո ամբողջ տարածքը վերածվել է աղբանոցի, եւ ոչ մի միջոց չի ձեռնարկվում հրապարակը մաքրելու ուղղությամբ: Այստեղ մեկ ուրիշ հարց է առաջանում՝ ինչու՞ այդ համերգի կազմակերպիչներին պատրաստակամությամբ հոսանք են տրամադրում, իսկ մեզ՝ ոչ: Ավելին, համարձակությամբ ասում են՝ «Կարող ա՞ գիտեք ձեր ենթակայանն ենք, որ սաղիդ հոսանք տանք»,- փոխանցեց Վաղինակ Շուշանյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարկից կմեկնարկի «Ո՛չ՝ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած երթը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
‘