‘
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Դիմադրության շարժման հերոսների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ առաջին անգամ հանրությանն է ներկայացել դերասանուհի Ժյուլի Գայեի հետ:
Հինգերորդ հանրապետության ղեկավարը մասնակցել է Մոն-Վալերյեն բլրի հուշահամալիրի մոտ կազմակերպված միջոցառմանը, որտեղ 75 տարի առաջ՝ 1940 թ. հունիսի 18-ին, հնչել է գեներալ Շառլ Դը Գոլի նշանավոր կոչը հայրենակիցներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում միավորվել ընդդեմ նացիաստական օկուպացիայի:
Ինչպես հաղորդում է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը, ձևականորեն՝ Գայեն ուղեկցում էր իր պապին՝ Երկրորդ աշխարհամարտի վետերան և ֆրանսիական Դիմադրության հերոս Ալեն Գայեին: Նա Օլանդից ավելի շուտ էր ժամանել և արարողության ժամանակ էլ նրանից հեռու էր կանգանած: Այնուհանդերձ՝ ֆրանսիացի լրագրողները նշում են, որ դա Օլանդի և Գայեի առաջին համատեղ հայտնությունն էր հանրությանը:
Ֆրանսիայի նախագահի և դերասանուհու կապի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2014 թ. սկզբին: Այն ժամանակ Օլանդի պաշտոնական կողակիցը Վալերի Տրիերվեյլերն էր, որը Գայեի հետ նրա կապի մասին տեղեկացել էր թերթերից: Արդյունքում՝ Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը նյարդային խանգարմամբ հայտնվեց հիվանդանոցում, իսկ դրանից հետո էլ արդեն չվերադարձավ Ելիսեյան պալատ: Փոխանցում է ria.ru-ն:
‘