‘Գեւորգ Նալբանդյան. Ղարաբաղի քրդականը’

14774

ԵՊՀ դոցենտ Վահրամ Պետրոսյանը Ղարաբաղի Ազգային ժողովում հանդես է եկել «Քրդական հիմնախնդիրը եւ տարածաշրջանային զարգացումները» թեմայով դասախոսությամբ, որի ունկնդիրների թվում են եղել Ղարաբաղի խորհրդարանի նախագահը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը: Միջոցառումը պաշտոնապես անվանվել է «խորհրդարանական լսումներ»: Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Իրաքյան Քուրդիստանը որոշել է սեպտեմբերի 25-ին անցկացնել հանրաքվե եւ հռչակել լիակատար անկախություն: Այդ որոշման դեմ հանդես են եկել Իրաքի կենտրոնական իշխանությունները եւ Թուրքիան: Իսկ եթե Թուրքիան դեմ է մի հարցի, ուրեմն Հայաստանը պետք է անպայման կողմ լինի: Մանավանդ որ խոսքը վերաբերում է անկախության հանրաքվեին:

Թե ինչ արդյունք կարձանագրի իրաքյան քրդերի հանրաքվեն, կկայանա այն, թե ոչ, ով կճանաչի Բարզանիի իշխանությունը եւ այլն` այս հարցերը Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին չեն հետաքրքրում: Նրանց առիթ է պետք, որպեսզի սեփական լսարանում խոսեն Ղարաբաղի համար իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեի կարեւորությունից, ձեռի հետ էլ մի քանի թթու խոսք ասեն Թուրքիայի հասցեին:

Պարադոքսն այն է, որ իրաքյան Քուրդիստանը փաստացի անկախ է արդեն բավական երկար ժամանակ, բայց Հայաստանը եւ Ղարաբաղը երբեւէ չեն փորձել կապեր հաստատել Բարզանիի հետ: Մինչդեռ Թուրքիան ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական լավ հարաբերություններ ունի Բարզանիի հետ: Հայաստանը, սակայն, դիվանագիտական շփումներ ունի միայն Իրաքի կենտրոնական կառավարության հետ: Հիմա ստացվում է հակառակ պատկեր` Թուրքիան դեմ է Քուրդիստանի անկախացմանը, իսկ Հայաստանը` կողմ:Թե չէ ԵՊՀ դոցենտ Պետրոսյանը չէր գնա Ղարաբաղ եւ չէր խոսի քրդական հիմնախնդիրներից եւ տարածաշրջանային զարգացումներից:

Ի՞նչ է հետեւում դրանից: Հայաստանից գնում եւ Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին ասում են, որ իրաքյան Քուրդիստանի անկախացումը կարող է նախադեպային լինել Ղարաբաղի համար: Ահա՛ Հայաստանի իշխանության մակարդակը՝ նա չի հասկանում կամ համառորեն չի ընդունում, որ աշխարհի ո՛ր կետում էլ եթե որևէ մի կազմավորում անկախություն հռչակի եւ նույնիսկ ճանաչվի, դրանից Ղարաբաղը ոչինչ չի շահում: Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի օրինակները չափազանց խոսուն են:

Ղարաբաղի հարցը մի լուծում ունի` բանակցությունների միջոցով հասնել հակամարտության զինված փուլի ավարտին, որից հետո Ղարաբաղը կստանա անցումային կարգավիճակ, ապա Ադրբեջանի հետ կսկսի քննարկել վերջնական կարգավիճակի հարցը, որը կարող է որոշվել հանրաքվեի միջոցով:

Այսօր իրաքյան Քուրդիստանը եւ Իրաքի կենտրոնական իշխանությունները պատերազմի մեջ չեն: Հարցերը չեն լուծվում խրամատներում: Կողմերը վերջ են տվել պատերազմին, քրդերը համաձայնել են անկախությանը մոտ ինքնավարությանը, հաստատել են պետական ինստիտուտները, լեգիտիմ կապեր հաստատել այլ երկրների հետ: Հիմա նրանք ունեն այդ ամենը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու խնդիր: Ղարաբաղի դեպքում դա կարող է տեղի ունենալ հակամարտության զինված փուլին վերջ տալուց որոշակի ժամանակ անց:

Ղարաբաղի քրդականը չաշխատող տարբերակ է, ինչ-որ տեղ` նաեւ վտանգավոր, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը տեղեկատվական ֆոն են ստեղծում, որ Մերձավոր Արեւելքից Հայաստանի տարածքով «Ղարաբաղ են հասել PKK-ի հազարավոր մարտիկներ»: Բավական է եւս մեկ-երկու քրդական «լսումներ» կազմակերպել եւ այդ մասին տեղեկություն տարածել աշխարհով մեկ, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը Ղարաբաղը հայտարարեն «միջազգային ահաբեկչության բազա»: Ահա թե ինչի կարող է հասնել Հայաստանի իշխանության քաղաքական թուլամտությունը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարություն. Ռուսաստանի տարածքում ԿԺԴՀ աշխատանքային ճամբարներ կան’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում կստեղծվի երկրում առաջին ինտերնետ-դատարանը’