‘
Ռուսաստանը չի մասնակցել դավադրությանն ու չի փորձել ազդել ԱԱ-2018-ի տանտեր-երկրի ընտրության արդյունքների վրա։ Այսպիսի հետևություն է արձանագրվել Մայքլ Գարսիայի ղեկավարած ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով հետաքննչական խմբի զեկույցում։ Հետաքննության տեքստն այսօր հրապարակել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հետաքննիչներին չի հաջողվել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու թույլտվություն ստանալ։ Մասնակիորեն դա կապված է նրա հետ, որ ռուսական կոմիտեի օգտագործած համակարգիչները վարձակալված էին, իսկ վերադարձնելուց հետո սեփականատերը ջնջել է տեղեկատվությունը։ Նաև Google-ը չի պատասխանել հարցումին և տվյալներ չի հաղորդել։
Զեկույցում 4 հիմնավոր հետևություն է արված.
1) Ռուսական կոմիտեի և մեկ այլ կոմիտեի հետ դավադրության ապացույցներ չկան։ Քվեարկության արդյունքների վրա ռուսների ազդեցության մեղադրանքը չի հիմնավորվել։
2) ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների հետ բոլոր շփումների մասին հաղորդելու պահանջը մասամբ է խախտված։ Ռուսական կոմիտեն այդպիսի հանդիպումների մասին 3 անգամ է տեղեկացրել։
3) Նվերների մասին ՖԻՖԱ-ի կանոնները չեն խախտվել։ Ռուսական կոմիտեի բոլոր նվերներն ու այլ բոնուսները համապատասխանել են կազմակերպության պահանջներին։ Դրանք բոլորը խորհրդանշական արժեք են ունեցել։
4) ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամների վրա ոչ մի անհամաչափ ազդեցություն չի եղել նրանց ձայները ստանալու նպատակով։
‘