‘Թոմ դե Վաալ. Համեմատե՛ք Լեռնային Ղարաբաղն ու Կիպրոսը եւ լաց եղեք’

5833

Բրիտանացի փորձագետ, Հարավաին Կովկասի կոնֆլիկտների հարցում մասնագիտացած Թոմաս դե Վաալը Շվեյցարիայում Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման առիթով անդրադարձել է ԼՂ խնդրին:

Համեմատելով երկու գործընթացները՝ դե Վաալը նշել է, որ Կիպրոսի հիմնախնդրի երկու հիմնական կողմերի՝ կղզու հունական եւ թուրքական հատվածների առաջնորդները, պարբերաբար հանդիպում են, միմյանց հետ շփումներում հարգալից լեզու են գործածում, իսկ վերջերս զբոսնում էին Նիկոսիայում, զրուցում միմյանց եւ շրջակայքի մարդկանց հետ, սուրճ էին խմում «կանաչ գծի» երկու կողմերի սրճարաններում: «Երկու կողմի բանակցողների ուժեղ թիմեր, որոնք ՄԱԿ-ի հետ միասին մշակում են խաղաղության դաշնագրի վեց գլուխների տեքստերը: Երկու կողմերի պաշտոնատար անձանցից բաղկացած տեխնիկական կոմիտեներ, որոնք քննարկում են ամեն ինչ՝ սկսած մշակութային ժառանգությունից մինչեւ տրանսպորտ եւ հանրակրթություն: Փորձագիտական եւ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք (իրավամբ) դժգոհում են, որ իրենց հետ բավարար չափով չեն խորհրդակցում, սակայն որոնց ձայնը լսելի է, եւ որոնք հանրության վրա ազդեցություն ունեն», — գրում է դե Վաալը՝ հիշեցնելով, որ դեռ 20 տարի առաջ ամեն ինչ շատ ավելի մռայլ էր՝ փակ սահմաններ, ռազմական հռետորաբանություն, բռնության սպառնալիք:

«Համեմատեք սա Լեռնային Ղարաբաղի հետ եւ լաց եղեք: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն անգամ հատուկ բանակցողներ չունեն, նրանք (նախագահները-խմբ.) հանդիպում են լավագույն դեպքում տարին մեկ անգամ, երկար տարիներ են ծախսում՝ քննարկելով ԵԱՀԿ-ի մեկ կամ երկու էջանոց փաստաթղթերը, որեւէ սեփական փաստաթուղթ չեն ստեղծում: Նրանք ոչինչ չեն անում, որպեսզի հանրային բանավեճ խրախուսեն փոխզիջման կամ խաղաղության առավելության մասին: Նրանք սիրում են կշտամբել Մինսկի խմբի համանախագահներին, բայց մոռանում են, որ հենց իրենք են պատասխանատու խաղաղ գործընթացի կառուցման համար: Միջնորդները սոսկ միջնորդում են, եւ հենց կոնֆլիկտի կողմերը պետք է խաղաղություն կնքեն:

Կովկասի՛ պարոնայք, դուք 20 տարի եք վատնել: Եթե անգամ կիպրական խաղաղության բանակցությունները ձախողվեն, երկարամյա բանակցություններն արդեն շատ հարցերում հաջողել են. բռնության կրճատում, գործարար կապերի հաստատում, միջոցներ, որոնք թույլ են տալիս փախստականներին այցելել իրենց նախկին տները եւ հանդիպել սովորական մարդկանց հետ: Դա քիչ ձեռքբերում չէ», — ամփոփում է Թոմաս դե Վաալը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն անվտանգության նոր միջոցներ է կիրառում արտասահմանյան ավիաչվերթներում’
Հաջորդ հոդվածը‘Անտոնի Մարսիալը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին լուրերը’