‘
Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հրապարակմամբ վերահաստատել է Արամ արքեպոսկոպոս Աթեշյանին պաշտոնանկ անելու մասին լուրն ու որոշ մանրամասներ ներկայացրել տեղի ունեցած ժողովից:
Ըստ պատրիարքարանի, պատրիարքական նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Եկեղեցական ընդհանուր ժողովի ընթացքում մանրամասներ է ներկայացրել իր եւ Աթեշյանի հանդիպման մասին:
Նա կոչ է արել Արամ Աթեշյանին ներկայացնել իր հրաժարականի գրավոր դիմումը՝ որպեսզի Պատրիարքական ընտրությունները ունենան առողջ գործընթաց եւ կանխվեն հավանական սխալ հասկացողությունները:
Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի խոսքով, կայանալիք Եկեղեցական ընդհանուր Համագումարը կքննարկի այս խնդիրը եւ որոշում կկայացնի, ուստի ինքը Արամ Աթեշյանին առաջարկել է կամավոր գրավոր հրաժարական ներկայացնել՝ հանուն համերաշխության։
Մինչդեռ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական ներկայացնել:
Դրանից հետո, Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովը, կատարված քվեարկությամբ 22 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ քվեով վավերացրել է համապատասխան բանաձեւը, ըստ որի դադարեցրել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լիազորությունները որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ:
Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը անգիտակից վիճակի մեջ գտնվում 2008թ.-ից, 2016-ի աշնանը պատրիարքարանը որոշեց, որ Մութաֆյանը չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջնորդությամբ 2017-ի մարտի 15-ին տեղի ունեցած Եկեղեցական Ընդհանուր Համագումար Ժողովում Աթոռի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:
«Նկատի ունենալով տեղապահի ընտրություն կատարված լինելը, եւ մեր հնավանդ եկեղեցական կանոնների ուղղությամբ նոր Պատրիարքի ընտրությունը, թե վարչական եւ թե ներկայացուցչական առումով Պատրիարքական Աթոռի լիազորն է Տեղապահ Սրբազան Հայրը։ Եկեղեցական հնավանդ կանոններուն համաձայն Տեղապահի ընտրությամբ ավարտվել է Ընդհանուր Փոխանորդի պաշտոնի պահանջը։ Ուստի բնականորեն ավարտվել է Արամ արքեպիսկոպոս Աթէշյանի Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի պաշտոնը։
Եկեղեցական Համագումար Ժողովը, որպեսզի Պատրիարքական Ընտրության գործընթացի մեջ կանխվեն հավանական սխալ հասկացողությունները, հունիսի 28-ին, ժողովում քվեարկությամբ հաստատում է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այլեւս Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ չէ եւ ազատված է ընդհանուր փոխանորդի իրավասություններից ու պատասխանատվություններից», — ասվում է ժողովի ընդունած փաստաթղթում:
‘