‘
Այսօր Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիելյանի նախագահությամբ բավարարեց ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը, եւ Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում: Փոխանցում է Aysor.am-ը:
Ավելի վաղ ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Հրաչյա Հարությունյանը հայտարարել էր, որ համաձայն է ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայացրած միջնորդության հետ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Մոսկվայի Տրոիցկյան Դատարանը Հարությունյանին դատապարտել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:
2013-ի ամռանը Հարությունյանի վարած ԿԱՄազ ավտոմեքենան Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:
Հրաչյա Հարությունյանը հուլիսի 21-ին տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
‘